Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ինչի՞ մասին է ահազանգում «Մուրացան» հոսպիտալում գտնվող զինակոչիկը

19:05, կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ.
Ինչի՞ մասին է ահազանգում «Մուրացան» հոսպիտալում գտնվող զինակոչիկը

Ողնաշարի մի քանի ճողվածք ունենալու պատճառով չորս տարի առաջ զինծառայությունից ազատված Դավիթ Զաքարյանը (առաջին անգամ մեկ տարով և երկրորդ անգամ` 3 տարով տարկետում ստացած-խմբ.) ով այժմ «Մուրացան»-ի հոսպիտալում է, բարձրաձայնում է իր առողջական խնդրի մասին` նշելով, որ հոսպիտալի անձնակազմի կողմից ոչ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվում` հիվանդությունը չբուժելու և իրեն զինծառայության ուղարկելու մտադրությամբ։

Մանրամասնելով խնդիրը՝ Դ. Զաքարյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է. որ զինկոմիսարիատի ուղարկած ուղեգրով կատարված վերջին հետազոտության տվյալները բավականին ցածր են եղել, ինչը հիմք է հանդիսացել, որպեսզի նա կրկին հետազոտություն անցնի: «Արդյունքները գրեթե առողջ լինելու մակարդակի էին, ինչը տարօրինակ էր: Ես` ստիպված, իմ հաշվին, իմ գումարով, մի քանի ժամվա ընթացքում ՄՌՏ հետազոտություն եմ անցել և շատ արագ պարզվել է, որ ունեմ 4,5 մմ ճողվածք: Քանի որ ՊՆ 404 հրամանը վերջերս է ի հայտ եկել, այդ հրամանագրի օրենքի չափանիշներով ես համարվել եմ պիտանի, և քանի որ իմ մեջքի խնդիրը լուրջ է եղել` ինձ կենտրոնական հավաքակայանից անմիջապես բերել են հոսպիտալ: Ինձ ասել են` եթե դու բուժվես, կգնաս ծառայության, եթե ոչ` չես գնա»,- պատմում է Դավիթ Զաքարյանը` շարունակելով. «Հիմա ես եկել եմ հոսպիտալ, ինձ ընդհանուր հետազոտություն են արել և ֆիզիոթերապիա են նշանակել: Ես 6 օր ֆիզիոթերապիա եմ անցել` չնայած որոշ սարքեր չեմ կարողացել ընդունել, որովհետև այն բավականին ցավոտ էր իմ մեջքի համար: Վեց օր հետո գիշերներն իմ մեջքի ցավերն ուժեղացել են մկանային հատվածներում, և ինձ բժիշկն ասել է, որ բարդացում է տվել, այսինքն` իրենց նշանակած բուժման հետևանքով հիվանդության բարդացում է եղել, ինչի պատճառով ես այլևս ֆիզիոթերապիա չեմ անցնելու»:

Մեր զրուցակցի խոսքով` մի քանի օր է ինքը միայն ցավազրկողներ է ընդունում. «Այս 4 օրվա մեջ ես երևի միայն 22 հատ ցավազրկող եմ ընդունել` մկանային սրսկումներ, կաթիլային և դեղահաբեր...Ինձ նաև շատ պարզ հասկացրել են, որ ես պետք է գնամ զորամաս և այստեղ ամեն ինչ ձևական է կատարվում: Ասել են` դու ցավերով գնալու ես զորամաս և 3 ամիս մնաս, եթե դրական փոփոխություններ լինեն` կմնաս ծառայության, իսկ եթե ոչ` մենք հետևողական կլինենք, կբերենք քեզ այստեղ և նոր լրջորեն կզբաղվենք քո հարցերով»:

Դավիթ Զաքարյանին զարմացնում է հետևյալը. «Իմ առաջին զորակոչի ժամանակ, երբ 18 տարեկան էի, բժիշկն ասում էր, որ եթե ինձ գրի «պիտանի», կարող է հետագայում դատվի, պատասխանատվության ենթարկվի, իսկ հիմա ես 22 տարեկան եմ, ինձ ասում են` «դու խի՞ ես նեղվում, քո տարիքի լիքը մարդ ենք ուղարկում...»:

Դավիթ Զաքարյանը նշում է, որ համապատասխան օրենքում որոշ կետեր խստացվել են և զինծառայության տարիքի տղաներն ազատվում են ոչ թե 4 մմ-ից ավելիի դեպքում, ինչպես նախկինում էր, այլ 5 մմ-ից ավելիի դեպքում: «Իմ մոտ 4,5 մմ է և ինձ ընհանրապես չեն ներկայացրել որևէ հետազոտություն կամ ուսումնասիրություն, որ 4 մմ-ից ավելի ճողվածք ունեցող10 զինվոր ծառայել է և ընդհանրպես խնդիր չի ունեցել: Թող 10 հոգու տվյալ ցույց տան, ներկայացնեն պատմություն և ես սուսուփուս կգնամ ծառայության»,- ասում է նա` վստահեցնելով, որ ինքը երբեք չի խուսափել ծառայությունից...Խնդիրը արդարության դաշտում է։ Եթե զինակոչիկն առողջական վատ վիճակով չպետք է զորակոչվի, այլ միայն բուժվելուց հետո, թող այդ սկզբունքն իսկապես գործի, այլ ոչ թե առանց խնդիրը լուծելու զորակոչեն և ասեն, որ ամեն բան կարգ ու կանոնով է արվում։ Չէ՞ որ այժմ, ինչպես ամենաբարձր մակարդակներով է հայտարարվում, երկրում օրենքն է գործում, թող ուրեմն այս հարցում էլ դա ապացուցվի»:

Զինակոչիկը հույս ունի, որ բարձրաձայնելով իր խնդիր մասին, դրանով իսկ նպաստում է հոսպիտալում գտնվող շատուշատ զինծառայողների խնդիրների հնարավոր լուծմանը, որոնք տարբեր հանգամանքներից ելենելով չեն ցանկանում խոսել այդ մասին:

Դավիթ Զաքարյանը երկուշաբթի «Մուրացան»-ի հոսպիտալում վերջին կամիսիան է անցնելու, որի ընթացքում կորոշվի` կամ իրեն դուրս կգրեն, կամ կուղարկեն կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով, որտեղ և կկայացվի վերջնական որոշում:

32789 | 0
Facebook