Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աննախադեպ արտահանում է տեղի ունենում, ո՞վ պետք է պատասխան տա սրա համար». Հրաչ Բերբերյանը՝ գյուղմթերքի թանկացման մասին

15:05, ուրբաթ, 03 օգոստոսի, 2018 թ.
«Աննախադեպ արտահանում է տեղի ունենում, ո՞վ պետք է պատասխան տա սրա համար». Հրաչ Բերբերյանը՝ գյուղմթերքի թանկացման մասին

Խանութներում գյուղմթերքի թանկացումը վաճառողերն ու գյուղատնտեսները կապում են հանրապետությունում բարձր ջերմաստիճանով, ինչի հետևանքով չորանում և վնասվում է բերքը: Նախորդ տարվա օգոստոսին, եթե կարտոֆիլի և ձմերուկի 1 կգ-ը 120-140 դրամ էր, այս տարվա նույն ժամանկահատվածում դեռ պահպանում է բարձր գինը, ավելին՝ գնալով թանկանում է:

Ի դեպ, շուկայում հուլիսին կարտոֆիլը տատանվում էր 150-170 դրամի միջակայքում, ներկա դրությամբ գինն անփոփոխ է, որոշ սուպերմարկետներում («Երևան սիթի», «ՍԱՍ»), նույնիսկ 200 դրամից պակաս չի վաճառվում: Ինչ վերաբերում է ձմերուկին՝ այս տարի այն աննախադեպ թանկ է:

Սովորաբար, բանջարեղենն ամառվա սեզոնին օրեցօր էժանանում է, մինչդեռ այս տարի, զարմանալիորեն, նվազման միտում կարծես թե չի էլ նկատվում: Եթե հուլիսին, օրինակ, ձմերուկի կիլոգրամը 150-180 դրամ էր, օգոստոսին բարձրացել է՝ դառնալով 200 դրամ:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով մատնանշված խնդիրներին, և պատասխանելով հարցին, թե որքա՞նով են հիմնավորված գյուղատնտեսների պատճառաբանությունները, ասաց, որ իսկապես, այս տարի շոգերը վնաս են հասցրել պտուղ-բանջարեղենին, և թանկացման պատճառը, մասամբ, դրանով է պայմանավորված: Հրաչ Բերբերյանն, այնուամենայնիվ, ներկայացրեց գյուղոլորտում մթերքի թանկացման և դեֆիցիտի ամենահիմնավոր պատճառը: «Այս օրերին աննախադեպ արտաանում է տեղի ունենում, մաքսային ծառայության և մեր ուսումնասիրությունների վիճակագրությունը չի համընկնում: Միրգ-բանջարեղենն այս տարի 2 անգամ թանկ է նախորդից: Ինչ ունենք՝ արտահանվում է. ոչ միայն բանջարեղենն է թանկացել, այլև միսը, անասնագլխաքանակը, հազարավոր տոննաներով լոլիկ է արտահանվում… Ո՞վ պետք է պատասխան տա սրա համար, ո՞ւր է նայում նախարարը: Գնում է գյուղ, մի հատ էշ է տեսնում՝ կանգնում կողքը նկարվում է, գիտի գո՞րծ է անում»,- ներկայացնելով գյուղատնտեսության այսօրվա վիճակը, վրդովվեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը՝ հավելելով, որ նորանշանակ գյուղնախարարի գործունեության 100 օրը դեռ չի լրացել, այդ իսկ պատճառով իրենք դեռ լռում են:

10744 | 0
Facebook