Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարտադիր, բայց ոչ պարտադրված» «Նիվա»-ներ, աշխատանք գոմերում, շինհրապարակներում, այգիներում. ժամանակակից ֆեոդալիզմը Ծառուկյանի «թագավորության» գազալցակայաններում

14:10, երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
«Պարտադիր, բայց ոչ պարտադրված» «Նիվա»-ներ, աշխատանք գոմերում, շինհրապարակներում, այգիներում. ժամանակակից ֆեոդալիզմը Ծառուկյանի «թագավորության» գազալցակայաններում

Օրերս ՄԱՄՈՒԼ.am լրատվական գործակալությունը, ստանալով տեղեկություններ, որ 2010-2014 թթ. Ծառուկյանին պատկանող ընկերություններում աշխատակիցների նկատմամբ պարտադրանքներ են եղել, հրապարակեց նյութ՝ «Ծառուկյանի աշխատակիցներին պարտադրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ աշխատավարձից ամսական պահումներով, շուկայականից թանկ գնով» վերնագրով:

Նյութի հրապարակումից հետո խմբագրությունը քաղաքացիներից ստացավ նոր տեղեկություններ՝ նոր մանրամասներով:

Ուշադրություն գրավեց հատկապես գազալցակայաններում լիցքավորող աշխատակիցների նկատմամբ կիրառված պարտադրանքները վերոնշյալ ժամանակահատվածում:

ՄԱՄՈՒԼ.am-ը սկսեց լրագրողական հետաքննություն և այժմ հրապարակում ենք դրանց արդյունքները:

Տեղեկացնում ենք, որ տեղեկությունները տրամադրել են նշված ընկերությունների նախկին և ներկա աշխատակիցները, իսկ մեջբերված խոսքը՝ նամակների և ձայնագրությունների բառացի սղագրությունն է:

Պարզվում է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում վերոնշյալ ժամանակահատվածում տիրել են, մեղմ ասած, «ֆեոդալական» կարգեր:

Սկզբում քաղաքացիներն անվճար աշխատել են գազալցակայանի կառուցման շինաշխատանքներում՝ հետագայում աշխատանք ստանալու խոստումով: Աշխատանքի անցնելուց հետո, վերջիններին պարտադրվել է նաև ընթացիկ այլ աշխատանքներ. գոմերի մաքրություն, թրիքի տեղափոխում, բերքահավաք, բեռնաթափում, շինարարություն և ծանր այլ աշխատանք՝ հանգստյան օրերի հաշվին: Հրաժարվողներին անմիջապես հեռացրել են աշխատանքից:

Քաղաքացիներից մեկն օրինակ պատմում է. «Զապրավչիկներն ամեն սմենի արանքում մի օր պարտադիր աշխատել են: Աշխատել են իրանց շինարարություններում, գոմերում ու սաղ տեղերը: Որտեղ զապրավկայա սարքել, մարդիկ ձրի աշխատել են, սարքել, որ հետո զապրավչիկ աշխատեն: Էն Աբովյանի մեջի զապրավկեքն էլ են սաղ զապրավչիկները սարքել:

Աշխատավարձ ընդհանրապես գազում ոչ մեկ չի ունեցել: Ժողովրդից փողերը որ հավաքել են, 200, 300 դրամով, ամեն զապրավչիկ նալոգա տվել: Ես սմենի եմ կանգնած, սուտկայի վերջ 33.000 դրամ իրանց փող եմ տվել, մնացած տակն ինչ մնա ինձ: Իրա ձևակերպած աշխատողները, դե մի հինգ հոգի ձևակերպում էին ձևի համար, էդ աշխատողներն ամեն ամիս աշխատավարձը քարտով գնում, փողը հանում էին, բերում տալիս, դիրեկտորին»:

Քաղաքացիներից խնդրեցինք մանրամասնել Նիվա մեքենաների գնման ընթացքը: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատել էր փաստը, որ անգամ մինչ օրս ամսական 60-80 հազար դրամ վճարելով աշխատավարձից աշխատակիցներին տրվում են ավտոմեքենաներ:

Քաղաքացիները պատմեցին հետևյալը. «Ինքը, որ ԼԱԴԱ-ի ներկայացուցչությունը վերցրեց, բերեցին Նիվա, Դիսյադկա, մեկ էլ Պիտնյաշկա էր: Բայց դե թանկ էր, ոչ մեկ չէր առնում: Որպեսզի ծախի, զաստավիտով բրդեց զապրավչիկների վրա: Ամեն սմենից, դիրեկտորի դեմը ցուցակը դրածա, մուծվում ես էդ փողերը ու փակում ավտոյի գինը, տոկոսն էլ վրեն: Փողերը բանկով չէիր փակում: Մարդիկ էլ դե ճար չունեին: Վերցնում, ընգնում էին կրակը: Փող առնես-չառնես, իրանց չի հետաքրքրում: Նիվեքին մի սմենին 10.000 էր, Դիսյադկեքը մի քիչ քիչ էր: Իրանց ձեռի տակ ես: Չես կարա չտաս: Բայց ոչ մեկին ձեռ չէր տալիս: Մարդիկ էդ ավտոները ով վերցրեց, մի կերպ, սպանվելով 2-3 տարվա մեջ փակվան, հետո տարան կես գնով ծախին»:

Հարցին, իսկ այդ գումարն ինչ-որ կերպ արձանագրվո՞ւմ էր, կտրոն ստանո՞ւմ էիք, պատասխանեց.

«Առավոտը սմեն ես հանձնում, մտնում ես դիրեկտորի մոտ, ինքը նայում ա, սաղ հաշիվ-հաշվարկներն անումա, ինչը ոնց, փողերը հաշվում էիր, դնում սեղանին: Ինչքան հիմնարկություն ունի, որտեղ որ փողա ֆռռում, սաղի վրա բրդին էդ ավտոները: 100-ներով մարդիկ են: Սաղ մղկտում էին: Պտի տանեն իրանց տունը յոլա տանեն, ավտոյի փող էին փակվում: Որովհետև ճար չունեին: Պտի վերցնեք ու վսյո»:

Մեր թղթակիցները գնացին նաև այն տեղեկատվության հետքերով, համաձայն որի, գազալցակայանների աշխատակիցներին պարտադրում էին աշխատել հանգստյան օրերին՝ կատարելով ծանր աշխատանք:

Մեզ հետ զրուցող քաղաքացիները հաստատեցին այդ փաստը և պատմեցին, թե ինչպես է դա տեղի ունեցել:

«Ինքը Վարդենիսում կարտոշկի մեծ դաշտեր ունի: Սեզոնը որ գալիս էր հավաքելու, մեզ տանում էին. Աբովյանի էն Թամարա գործարանի հետևը պահեստներնա իրա: Էդտեղ ավտոները դատարկում էինք: Ամեն ավտոն մի չորս հոգի մարդ, 25 տոննա էր: Ով չգնա, գործից հանում էին: Ու ձրի, քո հանգստի օրվա հաշվին: Ոչ հաց, ոչ ջուր, ոչ էլ փող: Էսօր կարտոշկայա, հետո շինարարությունա, գոմերնա: Գոմեր էլ էին տանում: Առինջի գոմերը էլի իրաննա: Թրիք թափելու, հավաքելու, էս անելու, էն անելու, մաքրելու, ամեն ինչ:

Իրանց այգիների սաղ բերքը գիլաս, ծիրան: Գիլասի այգիներ ունի Առինջում, մեզ էին տանում հավաքելու:

Տանում էին շինարարության: Էն բուրգերի բարձր բորդյուրները, գազոնների հողը սաղ մենք ենք լցրել: Ավտոն բերում էր, հողը դատարկում էր, մենք դզում էինք սաղ էդ գազոնները, հավասարացնում, լցնում ըտեղ»:

Բացի վերոնշյալը, քաղաքացիները մեզ հետ զրույցում նոր մանրամասներ ներկայացրեցին նաև այլ պարտադրանքների մասին:

«Իրա քարոզարշավներին զաստավիտ էին անում, տանում էին սաղիս: Պտի 10 հոգի էլ տանեիր հետդ պարտադիր: Ստեղ-ընդեղ, որ ելույթ էր ունենում, սաղիս ասում էին հետներդ մարդ եք բերում: Ցուցակով կանգնած՝ ստուգում էին: Չտանեիր՝ գործից հանում էին:

Տարվա մեջ մի անգամ տանում էին իբր բժշկական կամիսիա: Կոմիտասում իրա աղջկա կլինիկանա: Ինչքան աշխատող ունի, պտի գնային ու 10.000 դրամ փողը տայիր: Էդ էլ ինչ կլինիկա: Մի հատ փոքր տեղ էր: Փոքր կաբինետում իբր ճնշումդ էին չափում, 10.000 դրիր ու գնաց: Ու պարտադիր, սաղ պտի ըտեղ գնային:

Երգչուհիներ կային Պարսկաստանից թե եսիմ որտեղից, որ ինքը հովանավորում էր: Տոմսերը բերում էին, զաստավիտով ծախում վրներս` 5000, 10.000 դրամ: Պտի տայիր, համերգի ուզում ես գնա, ուզում ես մի գնա:

Էն ժամանակ Ազգային ժողովում ասել էին, որ տանում ես մարդկանց ձրի աշխատացնում, ինքը եկել էր սաղ դիրեկտորներին ասել էր ձեր աշխատողների բերանները փակեք, որովհետև տենց ինֆորմացիան իրանցիցա դուրս եկել: Եկան սաղիս հավաքին բա գնում ստեղ-ընդեղ խոսում եք: Հանկարծ իմանանք...»:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Վերոնշյալ տեղությունների շուրջ լրագրողական հետաքննությունը շարունակվում է և առաջիկայում կլինեն նոր հրապարակումներ:

Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը:

MAMUL.am-ը կոչ է անում իր ընթերցողներին. եթե Դուք տիրապետում եք նման տեղեկությունների, աշխատել, աշխատում եք վերոնշյալ ընկերություններում, կամ որևէ այլ ընկերությունում, որտեղ ոտնահարվել(ում) են ձեր իրավունքները, խնդրում ենք գրել մեկնաբանություններում, ուղարկել նամակ, կամ զանգահարել մեր խմբագրություն:

Տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունն ապահովվում է:

26755 | 65
Facebook