Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր: Հանդիպման սկզբում Կարեն Սարուխանյանը մտահոգություն է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ, նշելով, որ այսօրինակ բացթողում աշխատանքներում անթույլատրելի է, հատկապես, եթե անհանգստություն է պատճառվել համայնքի ազգաբնակչությանը:
Ալեքսեյ Պոլյուխովիչը նախապես ներողություն է խնդրել և նշել, որ միջադեպն անփութության արդյունք է. «Ես վստահեցնում եմ ձեզ, պարոն մարզպետ, որ այսուհետ նման բացթողում մեր աշխատանքներում չի լինի, զորավարժանքներն անցկացվել են ռազմաբազայի մարտական պատրաստվածության բարձրացման նպատակով: Մենք հասկանում ենք, որ ազգաբնակչությունը անհանգստացել ու վախեցել է, ընդունում ենք, որ թերացել ենք ու հավուր պատշաճի չի տեղեկացվել համայնքը: Անցկացնելու ենք ծառայողական քննություն և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»:
Շիրակի մարզպետը կարևորել է աշխատանքներում համագործակցությունը և անցկացվելիք վարժանքների մասին ժամանակին ու պատշաճ տեղեկացումը, որպեսզի այսուհետ նման միջադեպերը բացառվեն: Ըստ Ալեքսեյ Պոլյուխովիչի ռազմաբազան առաջիկայում անցկացնելու է բաց դռների օր, բնակիչները հնարավորություն են ունենալու շփվելու և ծանոթանալու բազայում իրականացվող աշխատանքներին:
Նշենք, որ Փանիկում տեղի ունեցած դեպքի հետ կապված Պնախարարն այսօր հանդիպելու է ՀՀ-ում ՌԴ դեսպանի ու ռազմական կցորդի հետ:
Արդեն հայտնել էինք, որ ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները երեկ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկում` տանկերով մտել են գյուղ և խուճապի մատնել մարդկանց: