Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արթուր Մովսիսյանը հացադուլ է հայտարարել». Արայիկ Պապիկյան

10:05, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
«Արթուր Մովսիսյանը հացադուլ է հայտարարել». Արայիկ Պապիկյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է.

Հայտարարություն
     Ես՝ քաղբանտարկյալ Արթուր Մովսիսյանս, հայտարարում եմ անժամկետ հացադուլ, որով ուզում եմ վարչապետի, նոր կառավարության, ԲԴԽ-ի և հանրության ուշադրությունը հրավիրել երկրի իշխանության ճյուղերից մեկի՝ դատական համակարգի և մասնավորապես վճռաբեկ դատարանի քրեական պալատի քմահաճ վերաբերմունքին իրենց աշխատանքին և իրենց մոտ մուտք եղած գործերին։
     Ես կալանավորվել եմ 2016թ. նոյեմբերին Մոսկվա քաղաքում, արտահանձնվել եմ 2017թ. մայիսին Հայաստանին և առանց ապացույցների դատապարտվել եմ 3 տարի ժամկետով 235 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «Ժ. Սեֆիլյանի և մյուսների» հայտնի շինծու և պատվիրված գործով, իբր թե անդամակցել եմ Ժ. Սեֆիլյանի կողմից այսպես կոչված կազմակերպված կայուն և զինված հանցախմբին։ Նախաքննության ընթացքում իմ մասով գործը առանձնացվեց ընդհանուր գործից և առանձին ուղղարկվեց Կոտայքի մարզի դատարան, մտածելով, որ կկարողանան հոգեբանորեն ճնշել և սուտ ցուցմունքներ կորզել Ժ. Սեֆիլյանի դեմ, բայց ոչ նախաքննական փուլում և ոչ էլ դատարանում դա նրանց չհաջողվեց, և ես դատապարտվեցի 3 տարվա ազատազրկման, հետագայում վերաքննիչ դատարանը ևս առաջին ատյանի դատարանի վճիռը թողեց անփոփոխ, որից հետո դիմել ենք վճռաբեկ դատարան։
     Թավշյա հեղափոխությունից հետո վերաքննիչ դատարանը զուգահեռ ընթացող նույն գործով, որով անցնում էին Ժ. Սեֆիլյանը և մյուսները՝ ընդունեց նոր վճիռ, վերաորակավորեց գործը և գործով անցնող բոլոր մասնակիցները 2018թ. հունիսի 13-ին ազատ արձակվեցին վերաքննիչ դատարանի դահլիճից։
     Այս պահին՝ ի ուրախություն ինձ և բոլորիս, այս գործով անցնող բոլորը ազատ են, բայց ես շարունակում եմ մնալ անազատության մեջ և դա միայն այն պատճառով, որ վճռաբեկ դատարանի քրեական պալատը ցուցաբերում է բացահայտ քմահաճ վերաբերմունք և չի անդրադառնում իմ պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդություններին, այդ թվում խափանման միջոցի փոփոխման միջնորդությանը։ Ես հասկանում եմ, որ նրանք օգտագործում են օրենքով տրված ժամկետները որը կարող է տևել 3,4,5,6 … ամիս, բայց ո՞րն է այդ ժամկետի ձգձգման պատճառը, մի՞թե ես այդքան վտանգավոր եմ, կամ էլ սպասում են, որ կառաջարկենք գրավ կամ պատգամավորների երաշխավորություն, իսկ եթե չունե՞մ ոչ գրավի գումար, ոչ էլ ծանոթ պատգամավոր, ուրեմն ի՞նչ, մարդ չե՞մ և կարող են պահել բանտում որքան ուզենա՞ն։
     Երբ նորընտիր Վարչապետը հայտարարեց, որ որևէ ճնշում չի լինելու դատարանների վրա և զանգեր չեն հնչելու Բ.26-ից (որը իրոք շատ ողջունելի է) որոշ դատավորներ դա ընկալեցին սխալ ձևով և մտածեցին, որ կարող են գործել իրենց քմահաճույքներով, բայց դա հանգեցնում է անարդարադատության և սկիզբ է դնում նոր արդար դժգոհությունների և բողոքների։
     Հացադուլը ինձ համար ինքնանպատակ չի, իմ հացադուլով ես ուզում եմ հրավիրել ուշադրություն առկա խնդրի վրա և ես վստահ եմ որ նման խնդիր շատերը ունեն, որը պետք է լուծում գտնի՝ դրական լուծում։
     Ես հացադուլը չեմ դադարեցնի այնքան, քանի դեռ խնդիրը չի դարձել քննարկման առարկա և չի ստացել դրական լուծում։

Ազատություն բոլո՛ր քաղբանտարկյալներին,
     Կեցցե՛ Ազատ ու Արդար Հայաստանը,
     Կեցցե՛ն Ազատության ու հեղափոխության բոլոր նվիրյալները
     Կեցցեն «Սասնա Ծռերը»

Արթուր Մովսիսյան «Վարդաշեն» ՔԿՀ
     17.07.2018թ. ժ. 13։00

5258 | 0
Facebook