Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փյունիկ»-ը ՀՖՖ-ի գործունեության շուրջ հայտարարություն է տարածել

11:55, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
«Փյունիկ»-ը ՀՖՖ-ի գործունեության շուրջ հայտարարություն է տարածել

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ-ի գործունեության շուրջ հայտարարություն է տարածել․ ««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ծայրահեղ վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողություններից, ինչպես նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունեցող «Ավանի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի ստեղծմամբ: 2017/2018 մրցաշրջանի վերջում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերը որոշեցին փոխել ակումբի անունը: Նախատեսվում էր, որ նոր մրցաշրջանում թիմը կրելու է «ՖԱ Երևան» անվանումը: Անունների փոփոխության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվեցին: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մամուլի ասուլիսի ժամանակ, հրապարակավ հաստատել է, որ ինքը ողջունում է որոշումը: Մենք ներգրավեցինք երկրպագուներին ակումբի նոր տարբերանշանի ստեղծման համար, ՀՖՖ ներկայացնելու համար պատրաստեցինք բոլոր փաստաթղթերը, բայց 2018 թվականի հուլիսի 13-ին ակումբը ծանուցում է ստացել, որ իրավունք չունի օգտագործել «ՖԱ Երևան» անունը, քանի որ Առաջին լիգա է հայտավորվել «Երևան» անվամբ ակումբ։

Վերոհիշյալ ակումբը գրեթե ամբողջությամբ կազմված է 2001 թվականին ծնված ֆուտբոլիստներից։ Վերջիններս «Փյունիկ»-ի ակադեմիայի սաներն են, որոնք 1 տարվա ժամկետով փոխանցվել էին «Ավան Ակադեմիա»-ին՝ 2017/18 մրցաշրջանում Առաջին լիգայում հանդես գալու համար։ Առաջնության ավարտին բոլոր խաղացողները պետք է վերադառնային «Փյունիկ» ակումբ: Մենք բազմիցս դիմել ենք «Ավանի Ակադեմիա»-ի ղեկավարությանը` հորդորելով կատարել համաձայնագրի պահանջները։ Սակայն մեր բոլոր կոչերը ոչ միայն անպատասխան են մնացել, այլև առանց մեզ հետ համաձայնեցնելու մեր խաղացողներին ուղարկել են նոր թիմ՝ «Երևան»։ Մենք նման գործողությունները համարում ենք ոչ կոռեկտ և հակաիրավական։ Եթե մոտ ժամակներս «Փյունիկ» ակումբի բոլոր խաղացողները չվերադառնան, մենք ստիպված կլինենք դիմել սպորտային արբիտրաժային դատարան։

2018 թվականի հուլիսի սկզբին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով մեր ակումբին մերժեցին նաև Եվրոպայի լիգայի որակավորման խաղերի համար նախապատրաստվել ՀՖՖ տեխնիկական ակադեմիայում՝ չնայած ժամկետների նախնական համաձայնությանը:

ՀՖՖ ներկայացուցիչները ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի խոչընդոտեն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին Եվրոպա լիգայի ընտրական փուլի առաջին խաղին մակեդոնական «Վարդար»-ի հետ հանդիպմանը նախապատրաստվելուն: Եվ միայն «Բանանց» ֆուտբոլային ակումբի բարեկամական աջակցության շնորհիվ մենք ոչ միայն հասցրել ենք նախապատրաստվել հայտնի մրցակցի հետ առաջին խաղին, այլև շատ կարևոր հաղթանակ ենք տարել ակումբի և երկրպագուների համար: Իսկ Եվրոպա լիգայի առաջին փուլի հանդիպումից անմիջապես առաջ, մենք ստացանք «Հանրապետական» մարզադաշտի վարձավճարների զգալի աճի մասին ծանուցում՝ ըստ որի մեկ հանդիպում անցկացնելու համար «Փյունիկ» ՖԱ-ն պարտավորովում է վճարել 5 մլն դրամ, որը կրկնակի է՝ նախկինում եղած գնից։

2018 թ. հուլիսի 7-ին պարոն Հայրապետյանը հանձնարարեց 24 ժամվա ընթացքում ազատել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 4/7 հասցեում գործող մանկապատանեկան ֆուտբոլային մարզադպրոցի տարածքները և փակեց ֆուտբոլի դաշտերի մուտքը, ինչպես նաև երեխաների և մարզիչների առաջ փակեց հանդերձարանների դռները՝ չնայած ըստ նախնական համաձայնության՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն այդ տարածքները երկարաժամկետ օգտագործելու իրավունք ունի։

Ավելի քան 700 երեխա և 40 արհեստավարժ մարզիչ զրկվել են մարզումներ անցկացնելու իրենց հնարավորություններից, ինչպես նաև ֆուտբոլային հանդիպումներ անցնկացնելուց: Սա էլ այն դեպքում, երբ մեր դպրոցի սաները Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կորիզն են կազմում: Ոչնչացման եզրին է մեր օրերում ամենահայտնի մարզադպրոցը, որտեղից դուրս են եկել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Էդգար Մանուչարյանը և այլ շատ հայտնի և տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ, ովքեր տարիներ շարունակ բարձր են պահում մեր երկրի պատիվն ամբողջ աշխարհում: Եվ այս ամենը կատարվում է Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնության նախաշեմին, որը անցկացվելու է հենց Հայաստանում:

ՀՖՖ-ի ղեկավարության նման ագրեսիվ վերաբերմունքի պատճառը հունիսի 30-ին կայացած ՀՖՖ-ի արտահերթ նիստին «Փյունիկի» դիրքորոշումն էր։ ՀՖՖ-ի նպատակն էր «Շիրակ» ՖԱ-ի ՀՖՖ-ին ադամակցության դադարեցումը։ Բացի այդ, նրանք ՀՖՖ-ի կազմ էին ներգրավում նոր անդամների, որոնց մասին ոչ մի տեղեկություն չկար։

Գիտակցելով, որ այս բոլոր գործողությունները կառուցողական չեն, «Փյունիկ»-ի ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշեց հրաժարվել այդ հանդիպմանը մասնակցելուց: Այնուամենայնիվ, հունիսի 29-ի երեկոյան «Փյունիկ» ակումբի տնօրենի պաշտոնակատարը ՀՖՖ-ի ղեկավարությունից զանգ է ստացել։ Նրան հորդորել են ներկայանալ ժողովին և կողմ քվեարկել օրակարգային բոլոր հարցերին, ինչն էլ վերջինս արել է։ Դրանից հետո մենք ստիպված ենք եղել դադարեցնել մեր համագործակցությունը տվյալ անձի հետ։

Ակումբի ներքին հարցերին ոչ կոռեկտ միջամտությունը վրդովմունք է առաջացել «Փյունիկ» ՖԱ-ի ղեկավարության մոտ։ Ինչպես նաև ղեկավարությունը հրաժարվել է հունիսի 30-ին կայացած ժողովի որոշումները լեգիտիմ համարել, քանի որ հայտարարվել էր, որ «Փյունիկ» ՖԱ-ից ժողովին մասնակցել է 3 ներկայացուցիչ, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Դժվար է հասկանալ, թե ՀՖՖ ներկայացուցիչները ինչով են առաջնորդվում իրենց աշխատանքում և որոշումներում, բայց եթե «Փյունիկ»-ի նկատմամբ վերաբերմունքը շարունակի լինել կողմնակալ և ոչ ճիշտ, մենք ստիպված կլինենք հայտարարել անվստահություն ՀՖՖ-ի ողջ ղեկավարության հանդեպ և բարձրացնել ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը»,- նշված է հայտարարության մեջ։

5963 | 0
Facebook