Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իմ հնչեցրած մտքերը սխալ են մեկնաբանվել». Կարպիս Փաշոյան

15:15, շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ.
«Իմ հնչեցրած մտքերը սխալ են մեկնաբանվել». Կարպիս Փաշոյան

ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

«Ռոբերտ Աբաջյանը և մյուս տղաները հերոսներ են: Այս փաստը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել: Նրանք հերոսներ են, քանզի պաշպանել են հանրության անվտանգությունը, ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Նրանք դարձել են ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորներն ու պահապանները:

Մի քանի շաբաթ առաջ «Civilnet»-ի տաղավարում իմ կողմից հնչեցված մտքերը շահարկման առարկա են դարձել, ավելին՝ ինչ-որ մարդիկ միտքը կոնտեքստից կտրել ու սխալ են մեկնաբանում: Չգիտեմ, թե ինչու են այդպես անում, միգուցե սա մանիպուլյացիա է:

Ես բառացիորեն ասել եմ. «չեն հասկանում, թե ինչ է կատարվում», իսկ մարդիկ խոսքը մեջբերելիս այն էական փոփոխությունների են ենթարկել, նշելով՝ «Չեն հասկանում, թե ինչ են անում» տարբերակը: Կարծում եմ բովանդակային տարբերությունը ակնբախ է: Վստահաբար զինվորները հասկացել են, թե ինչ են անում, ինչպես վերևում նշեցի պաշտպանել են ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, ուղղակիորեն փրկել են ֆիզիկական բնաջնջումից:

«Չեն հասկացել, թե ինչ է կատարվում» արտահայտությունը նշելիս ես նկատի եմ ունեցել այն իրողությունը, որ տղերքից շատերը չեն հասկացել, որ լայնամաշտաբ պատերազմ է սկսել, չեն հասկացել, որ իրենց միայնակ են թողել՝ առանց փամփուշտի ու վառելիքի: Արդյունքում՝ մեր զինվորները դատապարտվել են եղերական մահվան և սա բոլորիս խարանն է:

Հարցազրույցի մեջ ես նշում եմ, որ արժի նրանց մի փոքր հանգիստ թողնել և չշահարկել նրանց անունները: Այս միտքը նույնպես սխալ է մեկնաբանվում, իբրև թե՝ պնդում եմ մոռանալ նրանց ու այլևս հարագանքի չարժանացնել: Երիցս ո՛չ: Այդ տղաներին մենք երբեք չենք կարող մոռանալ, նրանք միշտ կապրեն մեր մեջ ու մեր հիշողություններում:

Պարզապես ես մատնանշում եմ այն փաստը, որ նահատակված զինվորների անունները պարբերաբար քաղաքական շահարկման առարկաներ են դառնում: Ինչ-որ մարդիկ իրենց ստոր նպատակներից ելնելով պատեհ-անպատեհ օգտագործում եմ Ապրիլյան պատերազմի զգացմունքային ֆոնը: Սա անթույլատրելի է, մենք չպետք է թույլ տանք, որ զոհված մեր եղբայրների անունները օգտագործվեն ու շահարկվեն: Նրանք պետք է միշտ ուշադրության կենտոնում լինեն, բայց հոգևոր ու բարձր ինչ-որ տիրույթում՝ առօրեականից անդին:

Շահարկվում է նաև «մանկահասակ տղա» եզրույթը: Մեջբերելիս արհեստական կերպով այս արտահայտությանը հեգնական ու քամահրական տոնայնություն են հաղորդում: Եթե հարցազրույցը նայեք, ապա կհասկանաք, որ խոսքերն այդ արդյունք են հուզմունքի, նեղվածության՝ նկատի ունենալով այն փաստը, որ զոհվածներն այդքան երիտասարդ էին, ընդամենը 18 տարեկան երեխաներ՝ իմ աշակերտների տարիքին: Մի՞թե բանական մարդը չի հուզվի այդ փաստով: Այո՛ նրանք մեր բոլորիս երեխաներն են, որոնց եղերական կորուստը սրտերը մեր լցրեց ցասումով ու ունայնությամբ:

Ես երբեք այսպիսի մեկնաբանությամբ հանդես չէի գա, բայց նկատի ունենալով այն փաստը, որ ինչ-որ մարդկանց շահարկումներից ելնելով զինվորների ընտանիքի անդամները կարող են սխալ ընկալել արտաբերված մտքերը, ստիպված հանդես եմ գալիս այս հայտարարությամբ:

Այն մարդիկ, որոնք մեր դեմ քաղաքական պատվեր են կատարում, կարող են շարունակել իրենց արշավը, իսկ նրանք, ովքեր իսկապես մտահոգված էին հարցազրույցի ժամանակ հնչեցված մտքերով, խնդրում եմ դադարեցնել այս անիմաստ քննարկումը: Ես երբեք չեմ կարող կասկածի տակ դնել այդ տղաների հերոսությունն ու հանրությանը մատուցած ծառայությունը: Դրանք անուրանալի արժեքներ են:

Հարգանոք՝ Կարպիս Փաշոյան»:

Ստորև` հարցազրույցի տեսանյութը:

«Civilnet»-ի տաղավարում իմ կողմից հնչեցված մտքերը սխալ են մեկնաբանվել». Կարպիս Փաշոյան
8773 | 2
Facebook