Հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ժամանակ գլխավոր թեմաները կլինեն 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը, Սիրիայի և Ուկրաինայի իրավիճակը:
Այս մասին ԱՄՆ նախագահը երեկ ասել է Reuters գործակալությանը՝ Air Force One նախագահական ինքնաթիռում Նյու Ջերսի ուղևորվելիս:
«Ես նրա հետ կխոսեմ ամեն ինչի մասին: Մենք կխոսենք Ուկրաինայի, Սիրիայի, ընտրությունների մասին...Մենք չենք ցանկանում, որպեսզի որևէ մեկը միջամտի մեր ընտրություններին»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինն ու Թրամփը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, միջազգային օրակարգի ակտուալ հարցեր և սիրիական ճգնաժամը:
Երեկ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Թրամփը մտադիր է Սիրիայի հարցով գործարք կնքել Պուտինի հետ: