Խնդրում ենք սպասել...

Համացանց

«10 հազար դրամ գողության համար 4 երեխայի մորը 5 տարվա ազատազրկման դատապարտած դատավորը ԵԿՄ անդամ է». Արմեն Դուլյան

10:55, չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ.
«10 հազար դրամ գողության համար 4 երեխայի մորը 5 տարվա ազատազրկման դատապարտած դատավորը ԵԿՄ անդամ է». Արմեն Դուլյան

Երեկվանից մամուլն ու համացանցը ողողված է 10.000 դրամ գողության համար 4 երեխայի մորը 5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին հրապարակումներով: Սոցիալապես ծանր պայմաններում ապրող, առողջական խնդիրներ ունեցող այս կինը բնակվում է Սիսիանում, երեխաներից երեքն անչափահաս են:

Հաղորդավար Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ենթադրենք դատարանն ի վերջո այդ տուշոնկաների համար որոշեց 5 տարի տալ գեներալին... Բա 10 հազար դրամի պահածո գողացած կնոջը, որն ուզում էր երեխաներին կերակրեր, ու գեներալ Մանվելին, որն արկղերով տուշոնկա էր պահում իրենց տանը՝ նույն պատի՞ժը՝ 5 տարի... Պարզվում է, որ այդ դատավորը՝ Մանուշակ Պետրոսյանը, որը 20 դոլարի ապրանք գողացած կնոջը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել... Ուշադրություն. Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ է»:

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը ևս անդրադարձել է այս հարցին. «Էս կնոջը ոչ միայն պետք է ազատել դատարանի դահլիճից, գործը կարճել, այլ բարձր թոշակ նշանակել ու դատավորին, մեկ էլ հերմինե նաղդալյանին ձրի աշխատացնել, որպես այս կնոջ սպասուհի, տուն մաքրող...»:

Ավելի ուշ թեմայի վերաբերյալ մեկնաբանություններում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և տեղեկացրել հետևյալը. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ բավարարել է մեղադրող դատախազի միջնորդությունը և բեկանել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն կատարելու համար Հասմիկ Սարգսյանին 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռը և վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 5 տարի ժամկետով։ Վերջինս հնարավորություն է ստեղծում, հղիության հանգամանքը հաշվի առնելով, ՀՀ քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառմամբ հետաձգել պատժի կրումը, իսկ հետագայում, դատապարտյալի հակաիրավական նոր գործողություններից զերծ մնալու դեպքում, քննարկելի դարձնել ընդհանրապես պատժի կրումից նրա ազատվելու հարցը...»:

17625 | 3
Facebook