Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջրաշենի գյուղապետը բյուջեի հաշվին 9 մլն դրամով LEXUS է գնել, եղբորն էլ վարորդ ընդունել

01:05, շաբաթ, 09 հունիսի, 2018 թ.
Ջրաշենի գյուղապետը բյուջեի հաշվին 9 մլն դրամով LEXUS է գնել, եղբորն էլ վարորդ ընդունել

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի գյուղապետ Վահան Ուռուսյանը համայնքի միջոցներով նախորդ տարի գնել է LEXUS GX470 դասի ամենագնաց, դրա դիմաց համայնքի բյուջեից վճարելով 9 միլիոն 350 հազար դրամ գումար, որից 8.5 միլիոնը՝ մեքենայի արժեք, իսկ մնացած մասը՝ եկամտահարկ, տեղեկացնում է Armtimes.com-ը:

Գյուղապետը որպես իր վարորդ աշխատանքի է ընդունել հարազատ եղբորը՝ Վազգեն Ուռուսյանին, ով նշված պաշտոնին է 2007 թվականից մինչ օրս: Ներկայումս վարորդի հաստիքի համար գյուղապետի եղբոր աշխատավարձը կազմում է 165 հազար դրամ, մինչդեռ նախորդ տարի նրա աշխատավարձը կազմել է 155 000 դրամ: Գրեթե ամեն տարի գյուղապետի եղբոր աշխատավարձը բարձրացել է: Այս մասին աղբյուրին հայտնել է Ջրաշենի գյուղապետարանի հաշվապահ Անաստաս Հակոբյանը:

Ջրաշենի գյուղապետի՝ բյուջեի հաշվին թույլ տրվող ճոխություններն ու հարազատներին լավություն անելը այսքանով չի ավարտվում: Գյուղապետարանի շինությունը, որտեղ աշխատակազմն է աշխատում, հանդիսանում է գյուղապետի կնոջ՝ Գոհար Անտոնյանի սեփականությունը: Գյուղապետը վարձակալության պայմանագիր է կնքել կնոջ հետ, որի դիմաց յուրաքանչյուր ամիս համայնքի բյուջեից վճարում է 100 հազար դրամ գումար: Նախկինում վարձակալության արժեքը եղել է 40 հազար ու հասել 100 հազարի: Գյուղապետարանի աշխատակազմի հաշվապահը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ամսեկան 100 հազար դրամ վճարում են արդեն երեք տարի. «Տարիների ընթացքում բարձրացել է: Պահումները հանած մոտ 90 հազար դրամ է, որից միայն էլեկտրաէներգիայի վարձն է համայնքը վճարում, մյուս կոմունալները սեփականատերն է վճարում, այսինքն՝ գյուղապետի կինը»,- ասել է հաշվապահը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

18237 | 3
Facebook