Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուռենիների պուրակը ոչնչացված է. ինչ բացատրություն է տալիս քաղաքապետարանը

18:45, երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ.
Ուռենիների պուրակը ոչնչացված է. ինչ բացատրություն է տալիս քաղաքապետարանը

Երևանում, Իտալիայի փողոցի վրա գտնվող Ուռենիների պուրակը ոչնչացված է: Բազմաթիվ ուռենիներ, հուդայածառեր, այլ գեղեցիկ ծառեր արմատախիլ են արվել, տարածքը վերածվել է շինհրապարակի: Համացանցի օգտատերերն իրենց վրդովմունքն են արտահայտում այս փաստի կապակցությամբ՝ գրառումներին կցելով #Քայլ_արա_մերժիր_Տարոնին ,
     #Տարոն_հեռացիր_սիրուն_չի հեշթեգները:

Ուռենիների պուրակը ոչնչացված է
Ուռենիների պուրակը ոչնչացված է

Անդրադառնալով քաղաքացիների զայրույթին՝ Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է խնդրին ու ներկայացրել իր բացատրականը:

«Հարգելիʹ համաքաղաքացիներ,
     քիչ առաջ համացանցում տարածվեց լուսանկար, որում պատկերված է Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին արդեն իսկ առիթ ունեցել ենք սույնի հետ կապված տեղեկացնել, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացրել ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:
     Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը:

«Վարդանյան ընտանիք»-ի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այգում կարգելվի որևէ առևտրային գործունեության իրականացումը: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Ուռենիների պուրակի նախկին տեսքը կարող եք դիտել 360stories.com կայքում:

26978 | 8
Facebook