Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Փաշիկ Ալավերդյանը խաբում է. ես դոպինգ չեմ ներարկել»․ Արման Ղազարյան

22:35, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
«Փաշիկ Ալավերդյանը խաբում է. ես դոպինգ չեմ ներարկել»․ Արման Ղազարյան

Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 75 կգ քաշային ծանրորդուհի Սոնա Պողոսյանը կասկածվում է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ գործը քննության մեջ է։ MAMUL.am-ի թղթակիցը կապ հաստատեց մարզուհու անձնական մարզիչ Արման Ղազարյանի հետ՝ պարզելու հանգամանքները։ Մարզիչը, սակայն, այդպես էլ ոչ մի հստակ պատասխան չտվեց։

-ԶԼՄ-ներում Ձեր և Արտաշես Ներսիսյանի պաշտոնանկության մասին լուրեր են տարածվել։ Դրանք իրավացի՞ են։

-Երևի ճիշտ չէ։ Ես տեղյակ չեմ։

-Նշվում է, որ քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում որոշում է ընդունվել, որ դուք պաշտոնանկ արվեք, քանի որ Սոնա Պողոսյանի մոտ դոպինգ է հայտնաբերվել։

- Հա բայց մենք ի՞նչ մեղավոր ենք։ Մարդն ասում է «ես չեմ արել տենց բան, չեմ օգտագործել, տեղյակ չեմ»։

- Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը և կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը նշեցին, որ նրանք էլ տեղյակ չեն, և դուք նրանց խաբել եք։

- Ես որ չեմ տեսել ի՞նչ ասեմ, շա՞ռ անեմ։ Ի՞նչ իմանամ։ Էն մարդն ասում է՝ ես չեմ արել ոչ մի բան։

- Հնարավո՞ր է, որ պատահաբար նյութը հայտնվի մարզուհու օրգանիզմում։

- Բժիշկն ասում է, որ դա արված բան է, ճիշտ է ասում։

-Այսի՞նքն։

-Այսինքն մենք տենց բան չենք արել հավաքների ժամանակ։ Էտ ինչ-որ առանձին վերցրած նյութ ոնց-որ լինի։ Փաստացի հայտնաբերել են մարդու օրգանիզմի մեջ, բայց մենք տենց բան չենք արել։ Մենք տեղյակ չենք։

- Պարոն Ալավերդյանը նշել է, որ դուք նրան խաբել եք և նման բան տեղի է ունեցել։

- Խաբում է։ Տենց բան չի եղել։

- Նա նշել է, որ վատ եք վարվել իր հետ։

- Նա խաբում է։ Տենց բան չի եղել։ Իմ հետ խոսացել է շատ նորմալ։

- Դուք մարզուհու հետ խոսե՞լ եք։ Նա ինչպե՞ս է մեկնաբանում իրողությունը։

- Հա, իհարկե խոսել եմ։

- Ինչպե՞ս է մեկնաբանել։

- Ասում է «չեմ արել տենց բան»։

-Այլ տարբերակներ կա՞ն նյութի՝ նրա օրգանիզմ ներթափանցելու։

- Իմ կարծիքով՝ ոչ։ Մարդն ասում է՝ ես չեմ օգտագործել։ Ոնց շառ անեմ իրա վրա։

- Պարոն Ներսիսյանը նշել է, որ դուք իրեն խաբել եք և սա հարված է իր թիկունքին։

- Ինչ ամոթ է․․․ Ոնց կարա տենց բան լինի։

- Նա նշել է , որ դուք խաբել ու վիրավորել եք իրեն ձեր արարքով։

- Բայց մենք շատ սիրող ընկերներ ենք։ Խի՞ պիտի տենց բան անեմ։ Խի հիմա՞ր եմ։ Սա հանելուկ է ինձ համար։ Նա դրանից 4 օր հետո նորից դոպինգ-թեստ է հանձնել և մաքուր է եղել։

- Պարոն Ալավերդյանը նշել է, որ դուք պետք է բողոքարկեք։ Ի՞նչ կասեք այդ մասին։

- Դրա համար ծախսեր են պետք։ Դոպինգ-թեստը հանձնել է, դրական է եղել։ Նորից նույն պատասխանն է գալու։ Իմաստ չեմ տեսնում բողոքարկման։ Համ էլ ֆեդերացիան պետք է որոշի։ Ես ո՞վ եմ։ Ես բան չեմ հասկանում հիմա։

- Որպես անձնական մարզիչ՝ կարող եք ասել՝ ենթադրենք հիմա այդ նյութն ընդունելու իմաստը ո՞րն էր՝ հաշվի առնելով, որ առաջիկայում մրցումներ չկան։

- Ո՞վ է ընդունել այդ նյութը։

- Պարոն Ներսիսյանը նշեց, որ անընդհատ հակադոպինգային սեմինարներ է անցկացրել մարզուհիների հետ։

- Հա, ես էլ եմ ներկա եղել այդտեղ։ Միասին ենք եղել։ Ինչ կա միասին ենք արել։ Փաստացի դեպքը եղել է, ես ի՞նչ մեղավոր եմ։

- Միջազգային ֆեդերացիայի հայտարարության մեջ նշված է, որ հանգամանքները պարզվում են և կա բողոքարկման ժամկետ։ Ի վերջո, ո՞վ է բողոքարկելու այդ որոշումը։

- Դե պետք է միասին հավաքվենք որոշենք։ Ֆեդերացիայում։

- Հանդիպման օրը հայտնի՞ է։

- Ոչ։ Չգիտեմ ոչինչ։

- Պարոն Ալավերդյանը նշեց, որ երեք հոգի կարող էին դոպինգը ներարկել՝ պարոն Ներսիսյանը, դուք կամ բժիշկը։

- Տենց բան չի կարա լինի։ Մենք թույլ չենք տա մեզ։ Ես ինձ նման բան թույլ չեմ տա։

- Հնարավո՞ր է, որ պարոն Ներսիսյանը կամ բժիշկը դա արած լինեն։

- Չէ։ Մենք բոլորս դրա դեմ ենք պայքարում։ Չեմ հասկանում ոչինչ, օդի մեջ եմ։

- Պարոն Ալավերդյանը և պարոն Ներսիսյանը նշում են, որ դուք նրանց խաբել եք։

- Նրանք իմ ընկերներն են։ Խոսել ենք։

- Քննարկման ընթացքում ի՞նչ եք որոշել։

- Չգիտեմ։ Ես տեղյակ չեմ։

- Ձեր մարզուհու հետ ի՞նչ եք խոսել։

- Ասել եմ շատ վատ բան է տեղի ունեցել։ Ինչո՞ւ ուշադիր չես եղել։ Լացում է։ Բա լացելու բան է, հո աչքալուսանք չի։

5536 | 0
Facebook