Վերջին տարիներին Երևանում լայն թափ է առնում շենքերի արտաքին տեսքն աղավաղող մի արատավոր երևույթ, երբ գոյություն ունեցող շենքն ամբողջությամբ կամ նրա մի հատվածը դառնում է նոր շենքի «կարկատան», որով ամբողջովին աղավաղվում է շենքերի նախնական ճարտարապետական գաղափարը:
Ցավոք, նման «գլուխգործոցների» այսօր կարելի է հանդիպել Երևանի շատ փողոցներում, մասնավորապես Աբովյան, Ամիրյան, Վազգեն Սարգսյանի փողոցներում, Տիգրան Մեծի պողոտայում և այլուր։
Իսկ բոլորովին վերջերս նման ճակատագրի արժանացավ Մաշտոցի 52 հասցեում գտնվող ԵՊՀ «Հյուրերի տունը»։ Այս շենքի նոր սեփականատերը լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ է ծավալել։ Նախկին շենքից մնացել է միայն նրա կենտրոնական փոքր հատվածը, հարկեր են ավելացվել (դեռ պարզ չէ, թե այն քանի հարկանի կդառնա և կցցվի Մաշտոցի պողոտայի այդ հատվածում գտնվող 4-հարկանի շենքերի կողքին) և ամբողջությամբ փոխվել է շենքի արտաքին տեսքը․․․
Փաստորեն, Երևանի կենտրոնում ազատ տարածքներ չլինելու փաստն արդեն խնդիր չէ կառուցապատողների համար։ Նրանք կարող են գնել ցանկացած շենք և այն դարձնել իրենց ապագա բարձրահարկ շենքի «կարկատան»․․․