Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ովքե՞ր են ստացել 20.000 դրամից մինչև 200.000 դրամ գումար-քարտերը». Փոստանջյանի հարցումը

15:20, երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ.
«Ովքե՞ր են ստացել 20.000 դրամից մինչև 200.000 դրամ գումար-քարտերը». Փոստանջյանի հարցումը

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դիմել է Երևան քաղաքի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանին.

«Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին. «Կոռուպցիան Հայաստանում համարվում է էնդեմիկ և համատարած երևույթ, որը թափանցել է հասարակության բոլոր ոլորտները»:

Համաձայն Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայի` կոռուպցիան սպառնում է իրավունքի գերակայությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, խարխլում է լավ կառավարումը, անաչառությունը և հասարակական արդարությունը, խեղաթյուրում է մրցակցությունը, խոչընդոտում է տնտեսական զարգացմանն ու վտանգում ժողովրդավարական հաստատությունների և հասարակության բարոյական հիմքերի կայունությունը:

Այն, որ Երևանի քաղաքապետարանը տարիներ շարունակ յուրացնում է հանրային միջոցները և մնում անպատիժ, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն այն փաստը, որ հանրային միջոցները որպես գումար-քարտ կարող են բաժանվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին նվերի տեսքով մարտի 8-ի կապակցությամբ՝ բնութագրում է Տարոն Մարգարյանի կողմից հերթական ապօրինությունը և դիտվում է որպես կոռուպցիոն երևույթ:

Այսպես՝ 2018 թվականի մարտի 7-ին Երևանի քաղաքապետարանում բաժանվել են գումար-քարտեր, որը, ըստ շրջանարվող լուրերի, պարունակել է 20.000 դրամից մինչև 200.000 դրամ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ տրամադրել պարզաբանում, ո՞ր իրավական ակտի հիման վրա է տեղի ունեցել 20.000 դրամից մինչև 200.000 դրամ գումար-քարտի բաժանումը: Երևան քաղաքի բյուջեից որքա՞ն գումար է տրամադրվել այդ 20.000 դրամից մինչև 200.000 դրամ գումար-քարտերի գնման համար: Ովքե՞ր են ստացել այդ 20.000 դրամից մինչև 200.000 դրամ գումար-քարտերը»,- նշված է դիմումի տեքստում:

Երեկ MAMUL.am-ը ևս, իր «Ի՞նչ է խոսում քաղաքը» բաժնում, անդրադարձել էր ինչպես նվեր-քարտերի, այնպես էլ քաղաքապետարանի բաժանած ծաղիկների թեմային:

5368 | 0
Facebook