Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպես է լուծվելու պայթյունից վնաս կրած քաղաքացիների փոխհատուցման հարցը. պարզաբանում է Կամո Արեյանը

13:12, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Ինչպես է լուծվելու պայթյունից վնաս կրած քաղաքացիների փոխհատուցման հարցը. պարզաբանում է Կամո Արեյանը

«Պատճառներն ի հայտ կբերեն պատասխանատուներին, թե ում պատճառով է տեղի ունեցել պայթունը: Օրենքով սահմանված կարգով ԱԻՆ-ը, Ոստիկանությունն իրականացնում են հետաքննություն. կպարզվեն հանգամանքներն, ըստ այդմ էլ օրենսդրորեն կառաջանա թե՛ պատասխանատվության, թե՛ փոխհատուցման հարցը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ ով գտնվում է Վրացական փողոցի 10 շենքի մոտ:

Ինչ վերաբերում է մարդկանց ժամանակավոր կեցության հարցը լուծելուն, Կամո Արեյանն ասաց. «Ակնադիտական առաջին դիտարկման փուլում, խորհուրդ չեն տալիս, որ այս մուտքի բնակիչները շարունակեն ապրել այստեղ: Երբ խումբն ավարտի իր աշխատանքը, մենք վարչական շրջանի ղեկավարի հետ այդ հարցին էլ կանդրադառնանք: Եթե մարդկանց կյանքին վտանգ է սպառնալու, անթույլատրելի է այստեղ ապրելը, ուրեմն պետք է փորձենք կարգավորել ժամանակավոր կեցության հարցը՝ բարեկամների մոտ, եթե չունեն այդ հնարավորությունը, մենք վարչական շրջանի աշխատակիցների հետ մի բան կկազմակերպենք»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հայաստանի ԱԻՆ-ում, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները:

Ավելի ուշ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրեց, որ շենքի առաջին հարկում գտնվող բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի պատշգամբն ամբողջությամբ (մոտ 12 քմ), ամբողջությամբ վնասվել են միջնապատերը, մեկ արտաքին պատ, հյուրասենյակի առաստաղը, թեքվել է մեկ հենասյուն, պոկվել մուտքի դուռը և ամբողջությամբ վնասվել պատուհանները:

Վնասվել է առաջին հարկում գտնվող թիվ 43 բնակարանի մուտքի դուռը, միջնապատերին առաջացել են ճաքեր՝ մոտ 2 քմ, 2-րդ հարկում գտնվող թիվ 45 բնակարանի պատուհանները և մուտքի դուռը, թիվ 46 բնակարանի միջնապատերը՝ մասամբ, վնասվել՝ հյուրասենյակի առաստաղը, թիվ 47 բնակարանի հատակը՝ մոտ 0,5 քմ: Ամբողջությամբ վնասվել են 4-րդ հարկում գտնվող թիվ 51, 52, 53 բնակարանների պատուհանները:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ աշխատակիցներն ու մասնագետները:

5749 | 0
Facebook