Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինչպե՞ս կարող են ինձ համոզել, որ իմ մեքենան այդ ժամին, այդ վայրում խախտել է արագության ռեժիմը». Արսեն Պետրոսյանը՝ շարժական արագաչափերի մասին

16:30, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
«Ինչպե՞ս կարող են ինձ համոզել, որ իմ մեքենան այդ ժամին, այդ վայրում խախտել է արագության ռեժիմը». Արսեն Պետրոսյանը՝ շարժական արագաչափերի մասին

Փետրվարի 5-ին Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նախազգուշացնելով, որ փետրվարի 8-ից շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր կտեղադրվեն՝ 1-2 նախադասությամբ տեղեկացնելով դրանք տեղադրելու պատճառը. «Հաշվի առնելով, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են, պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք»:

Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում շարժական արագաչափերի տեղադրումը: Նորամուծությունն արագությունը գերազանցող վարորդներին զսպելո՞ւ համար է, թե՞ այլ պատճառներ կարող են լինել:

MAMUL.am-ի թղթակիցն այս թեմայի շրջանակում զրուցել է «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համահիմնադիր Արսեն Պետրոսյանի հետ:

- Պարոն Պետրոսյան, ի՞նչ կարծիքի եք շարժական արագաչափերի մասին, որոնք, ըստ Ճանպարահային ոստիկանության, փետրվարի 8-ից արդեն գործարկվում են:

- Նախ ասեմ, որ դա, որպես նորամուծություն, նորություն չէր: Մոտավորապես երկու տարի առաջ էլ էին դա ուզում ներմուծել երթևեկության մեջ և առաջին անգամ դա փորձարկվեց հենց Վարդավառի օրը: Այն ժամանակ ՃՈ պետն Արմեն Հակոբյանն էր: Մենք այս հարցը բարձրացրեցինք՝ նշելով, որ չի կարելի նման բան անել առայժմ, որովհետև ճանապարհային նշանների հետ կապված բավականին մեծ խնդիրներ կան հանրապետությունում: Այդ հարցերի շուրջ Արմեն Հակոբյանը «Դուրս մեր գրպանից»-ի անդամներին հրավիրեց իր մոտ: Իհարկե, հանդիպման ընթացքում չասաց, որ կդադարեցվի դրա գործարկումը, բայց, փաստորեն, այն ժամանակ մենք կարողացանք դրա դեմն առնել: Իմ կարծիքով, սա ներմուծելը երթևեկության մեջ, առաջին հերթին հետապնդում է մեր գրպանը մտնելու ևս մի առանձնակի տաբերակ:

- Կարծիքներ կան, որ այդ սարքն իրականում չկա, դրա նպատակը վարորդներին զսպելն է ընդամենը: Ի՞նչ կասեք այս մասին:

- Եթե դա իրականությանը համապատասխանում է, ես շատ ուրախ եմ: Ես համաձայն եմ, այո՛, թող զսպիչ, կանխարգելիչ մեխանիզմներ լինեն: Իհարկե, կան վարորդներ, որոնց դեմը պետք է առնվի իրենց արագ երթեկելու համար, բայց դրա համար կան հազարումի տարբերակներ, բայց վերցնել և համատարած հանրապետության բոլոր հատվածներում, գյուղական վայրերում, մարզերում ուղղակի շարժական արագաչափեր տեղադրել, անթույլատրելի է: Ի դեպ, ես էլ մի ուրիշ բան եմ լսել. որ սա մի յուրօրինակ բիզնեսի տաբերակ է, որ մարդիկ կարող են պայմանագիր կնքել ՃՈ-ի հետ և դառնալ այդ արագաչափերի կրողներն իրենց սեփական ավտոմեքենաներում, և հանրապետությունում պտտվելով՝ հավաքագրեն այդ խախտումները և այլն: Իհարկե, սա իրականությանն այնքան էլ չի համապատասխանում, որովհետև չեմ կարծում, որ ՃՈ-ն ինչ-որ պայմանագրով և պատահական սկզբունքներով մարդկանց մեքենաներում նման սարքեր կտեղադրի: Այստեղ բազմաթիվ հարցեր կան. նախ՝ ինչպե՞ս կարող են ակտը նկարահանել, և ապացուցել, որ մարդն իր մեքենայով, օրինակի համար՝ Արմավիրի մարզի ինչ-որ հատվածում այդ պահին երթևեկել է: Ինչպե՞ս կարող են ինձ համոզել, որ իմ մեքենան այդ ժամին, այդ վայրում խախտել է արագության ռեժիմը: Դա ապացուցող ի՞նչ կոորդինատներ գոյություն ունեն, ինչո՞վ են համոզելու վարորդին: Ֆիքսված արագաչափերը Երևան քաղաքում գոնե հասցեավորում են, իսկ սրա՞նք: Մութ հարցեր շատ կան: Ես միշտ իմ ասուլիսներում ՃՈ-ին կոչ եմ արել վերացնել նախկին սովետմիությունից մնացած՝ փայտիկով ծառի հետևում թաքնվելու սովորույթը, դուրս գալ այդ հոգեբանությունից: Իրենք դա շարունակում են և ավելի են կատարելագործում:

- Հնարավո՞ր է՝ հանրապետությունում գործող արագաչափերը չարդարացրեցին իրենց, այսինքն՝ բավարար շահույթ չապահովեցին, ուստի նման սարքերի միջոցով են փորձում բացը լրացնել:

- Հնարավոր է: Հիմա ասում են՝ բյուջե են գնում այդ գումարները. ուզում եմ հավատացած լինել, բայց հարգելիներս, մի հատ նայեք արագություն գերազանցող արագաչափի սնադղակի տուգանքի չափերը. այն մինչև 10 000-ական դրամ է, այն էլ մեր պայքարի արդյունքում հասանք դրան: Այն ժամանակ ցանկացած գերազանցումը՝ թե՛ 2, թե՛ 3 գերազանցումը՝ 10 հազար դրամ էր: Հիմա, մի քիչ գոնե իջեցվեց՝ 10 000-ից բարձրը 1500 դրամով է բազմապատկվում, այիսինքն՝ եթե 15 գերազանցել է՝ արդեն 20 հազարից ավելի գումար է լինում: Պատկերացրեք՝ այդ սանդղակով եթե գնանք՝ մարդկանց աշխատավարձն էլ չի հերիքի տուգանքների համար: Ճանապարհային ոստիկանությունը նրա համար է, որ ոչ թե նման մեքենաներ մայրուղիներին կանգնեցնի՝ ակտեր հավաքեն, բերեն, մարդկանց գրպանները մտնեն, նրանց պարտքերի ու վարկերի մեջ գցեն, երեխաների բերանից հացը կտրեն, այլ, որ ուրիշ մեխանիզմներ մշակեն:

- Ի՞նչ եք կարծում, վարորդներն այս արագաչափերի մասին բավարար չափով իրազեկվա՞ծ են և երթևեկության մեջ այս նորամուծությունն արդյոք բողոքի ալիք չի՞ բարձրացնի:

- Տեսեք՝ ՃՈ-ն հայտարարեց, որ փետրվարի 8-ից գործարկելու են շարժական արագաչափեր, բայց ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա ո՛չ ասուլիս հրավիրեց, ո՛չ վարորդներին իրազեկեցին, ո՛չ բացատրեցին, թե ինչպես է դա կատարվելու… Մեկը ես, եթե ստանամ նման ծանուցագիր՝ անպայման դիմելու եմ վարչական դատարան և պահանջելու եմ ապացուցեն, թե որտե՞ղ են ինձ նկարել: Միայն մի բան կարող եմ ասել՝ այս շարժական արագաչափերի կիրառումն կանխարգելիչ միջոցառում չի կարող լինել, սա ուղղակի միտված է նորից մեր գրպանները մտնելու համար:

- Եթե պարզվի, որ, իսկապես, նման սարքեր գոյություն ունեն և ինչպես ասում եք՝ գրպանը մտնելու համար են, այդ դեպքում «Դուրս մեր գրպանից»-ն ի՞նչ քայլերի կդիմի, կփորձե՞ք որևէ կերպ պայքարել այս երևույթի դեմ:

- Սպասենք, տեսնենք իրադարձություններն ինչպիսի ընթացք են ստանում, ինչ զարգացումներ են սպասվում, ինչ մեթոդոլոգիայով են իրենք դա պատրաստվում անել, հասկանանք այդ ամենը և ըստ այդմ, փորձենք համապատասխան քայլերով դրա դեմն առնել, իհարկե, օրենքի սահմաներում:

9139 | 0
Facebook