Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անվտանգության խորհրդում քննարկվում են երկրի պաշտպանությանը վերաբերող հարցեր ու ՀՀ նախագահը չի մասնակցում. բա ինչո՞ւ ենք բերել էդ մարդուն». Արամ Սարգսյան

14:00, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
«Անվտանգության խորհրդում քննարկվում են երկրի պաշտպանությանը վերաբերող հարցեր ու ՀՀ նախագահը չի մասնակցում. բա ինչո՞ւ ենք բերել էդ մարդուն». Արամ Սարգսյան

Խորհրդարանը քննարկում է Անվտանգության խորհրդի կազմավորման ու գործունեության մասին օրինագիծը: Գործող օրենքով անվտանգության խորհուրդը ձևավորում էր ՀՀ նախագահը, 2015-ի սահմանադրական փոփոխություններով նախատեսվեց, որ անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու՝ ՀՀ վարչապետը, առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետերը, ՊՆ և ԱԳ նախարարներն, ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը:

«Մենք պետք է հիշենք, որ այս խորհրդարանում սպանվել է Աժ նախագահ ու վարչապետ ու այդ ժամանակ անվտանգության նիստ է աշխատել, որը ղեկավարել է ՀՀ նախագահը ու բավական լուրջ խնդիրներ են քննարկվել: Բացի այդ, եկեք չմոռանանք, որ մենք պատերազմող երկիր ենք, վարչապետը գերագույն գլխավոր հրամանատարն է, բայց, Աստված մի արասցե, հնարավոր է, վարչապետը էդ պատերազմի դաշտում զոհվի, ո՞վ է խնդիրները բերելու, քննարկելու՝ առաջին փոխվարչապե՞տը... Պետք է վերանայել ամեն ինչը: ԱԺ նախագահը քաղաքական գերկարևոր պաշտոն է, ու ավելի լեգիտիմ է ընտրված, քան վարչապետը, բայց խորհրդի կազմում չկա: Կամ անվտանգության խորհրդում քննարկվում են երկրի պաշտպանությանը վերաբերող հարցեր ու ՀՀ նախագահը չի մասնակցում. բա ինչո՞ւ ենք բերել էդ մարդուն»,- ընդգծեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ հայտարարելով, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու այդ նախագծին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ օրինագծի հեղինակների, Անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության մարմին է, ու սրանով է պայմանավորված, որ գլխավոր դատախազը, Սահմանադրական դատարանի նախագահն ու ԱԺ նախագահը չեն կարող լինել խորհրդում: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2015-ի Սահմանադրությամբ ամրագրվել են կառավարության վերաբերյալ նոր իրավակարգավորումներ՝ պայմանավորված Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ, ուստի էական փոփոխությունների է ենթարկվել նաև նախագահի ինստիտուտը:

3364 | 0
Facebook