Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կառավարության նիստերի նման դատական նիստերն էլ եք ուզում դռնփակ դարձնել». Բագրատյանը՝ Հովհաննիսյանին

12:00, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
«Կառավարության նիստերի նման դատական նիստերն էլ եք ուզում դռնփակ դարձնել». Բագրատյանը՝ Հովհաննիսյանին

«Վարչական դատավարության մասին» օրենքի նախագծի փոփոխություններն ու լրացումներն Աժ-ում ներկայացնում է փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը հետևյալ ձևակերպումն ունի, որ դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումն ու ռադիոհեռուստատեսային հեռարաձակումը կատարվում է դատավարության մասնակցի միջնորդությամբ, դատարանի թույլտվությամբ: Դատավարության մասնակցի միջնորդությամբ եզրույթը մտահոգություն էր առաջացրել լրագրողների շրջանում: Այն դեպքերում, երբ դատավարության մասնակցի միջնորդությունն անհրաժեշտ է, սկզբունքորոն ստեղծվում էր իրավիճակ, երբ լրագրողը հայտվում էր դատավարության մասնակիցներից մեկի կողմում ու, ըստ էության, կասկածի տակ էր դրվում նրա անաչառությունը: Սա որոշակի առումով նաև լրագրողների մտահոգությունները փարատելուն է ուղղված»,- ասաց հիմնական զեկուցողը: Նա ընդգծեց, որ ազդակները եկել են լրագրողական համայնքից: «Առաջին կարգավորումը հետևյալն է՝ դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումն ու ռադիոհեռուստատեսային հեռարաձակումը կատարվում է դատավարության մասնակից կողմերի համաձայնությամբ ու դատարանի թույլտվությամբ: Հաջորդը. եթե կողմերից մեկն անհամաձայնություն է ցույց տալիս, վարչական մարմինը պիտի լրացուցիչ բեռ ստանձնի ու հիմնավորի դա»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց. «Ձեր ասածն այն է, որ լրագրողը Ձեզ դիմել է, որ երկու կողմի համաձայնությունը լինի, նոր ես լուսաբանե՞մ: Չեմ կարծում, որ նման դիմում ունեք: Կարծում եմ, որ ինչպես կառավարության նիստերն եք որոշել դռնփակ անել, այնպես էլ դատական նիստերը: Այսինքն՝ էն, ինչ խնդիրներ որոշել եք լուծել, որոշել եք հանրությանը ներկայանալի չդարձնել: Կարծում եմ՝ որևէ անհրաժեշտություն չկա փոփոխություններ անելու»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ որևէ մեկը Սերգեյ Բագրատյանին իրավունք չի վերապահել կասկածի տակ դնելու իր խոսքերը:

Հաջորդ հարցը հանրապետական Խոսրով Հարությունյանինն էր: Նա հետաքրքրվեց՝ կարո՞ղ է կողմերը համաձայնեն, բայց դատարանն այլ որոշում կայացնի: «Դատարանի թույլտվությունն սկզբունքային նշանակություն ունի: Դատական նիստի տեսա, լուսանկարահանման որոշումն, ի վերջո, դատարանի հայեցողությանն է ցանկացած դեպքում»,- պատասխանեց հիմնական զեկուցողը:

Հարցի քննարկումը շարունակվում է:

2912 | 0
Facebook