«Ինձ սղոցեց ՊՆ-ի՝ 7 միլիոն դրամի ծաղիկներ գնելու մասին լուրը». Արմեն Մովսիսյան
«Այսօր մեր խմբին իր թոշակից մի տատիկ 20 դոլար էր փոխանցել, որ ոչ գիտի ՖԲ-ն ինչ է, ոչ համացանցն ընդհանրապես: Ու ակամա ինձ սղոցեց մի շաբաթ առաջ տարածված լուրը ՊՆ-ի 7 միլիոն դրամ ծաղիկների մասին: Ինչպես ձեզ հասցնեմ՝ էդ ձեր գնած ամեն ծաղիկ մի թև է կտրում, մի հույսի ճյուղ: Ու ինչքան հայ մարդ կա, որ ձեռ է քաշել հենց այդ պատճառով, էլ ոչ մեկի ու ոչնչի չի հավատում: Մի՛ արեք, թե աստված ունեք, թե ձեզ հայ մայր է կերակրել: Ես էդ տատիկի աչքերի մեջ նայելուց ամաչում եմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգահան Արմեն Մովսիսյանը: Հիշեցնենք՝ օրեր առաջ Medialab.am կայքը մի ծաղրանկար էր հրապարակել՝ մակագրելով «Բոշի ծաղիկները»: Ծաղրանկարը վերաբերում էր ՊՆ կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերին: Նկարը տեղադրելուց հետո, անհայտ օգտատիրոջ կողմից կայքի խմբագիրն սկսել էր սպառնալի բովանդակությամբ նամակներ ստանալ: Նրա խոսքով, վերջինն սկզբում հոդվածների տակ էր սպառնացել, տեսնելով ուշադրություն չեն դարձնում՝ անձնական նամակով էր սպառնացել, ընդհուպ իր մանկահասկան աղջկա հասցեին ևս հնչեցնելով սպառնալիքներ: Կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը նշել էր, որ հանցագործության մասին հաղորդում են տվել և սպասում են պատասխանի: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն անդրադառնալով Medialab.am-ի դեմ հերթական սպառնալիքին՝ իրավապահ մարմիններին հիշեցրել է, որ նախկին բոլոր ոտնձգություններն ու սպառնալիքները կատարողները մնացել են չբացահայտված և չեն ենթարկվել պատասխանատվության, որը հերթական սպառնալիքների խրախուսում է հանդիսանում։ «Պետք է ենթադրել և հիմնավոր կասկած հայտնել, որ ոչ միայն ՀՀ իշխանությունը շահագրգռված չէ նման սպառնալիքները տվողներին բացահայտելու, այլև սպառնալիք տվողները սանձարձակ են պահում իրենց հենց իշխանությունների հովանավորությունն ունենալու հիման վրա։ Խոսքի և կարծիքի արտահայտությունը պետք է պաշտպանված լինի ոչ միայն օրենքներով, այլև գործնական քայլերով»,- ընդգծել է Սաքունցը։ Սպառնացող անձինք դեռևս անհայտ են, սակայն Մ. Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի եթերում նշել է, որ այս պատմությունն սկսվել է Վիգեն Սարգսյանին առնչվող ծաղրանկարից, ինչից էլ կարելի է հետևություն անել: «Մեդիալաբի» ծաղրանկարը |