Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ինչո՞վ է զբաղվում բանաստեղծ-ասմունքող, Մագնուս Կարլսենին բլից խաղում հաղթած նախկին պատգամավորը

15:00, չորեքշաբթի, 31 հունվարի, 2018 թ.
Ինչո՞վ է զբաղվում բանաստեղծ-ասմունքող, Մագնուս Կարլսենին բլից խաղում հաղթած նախկին պատգամավորը

Մամուլի հրապարակումների համաձայն, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը, հնարավոր է, տեղափոխվի Սահմանադրական դատարան՝ ԱԺ-ում տեղ բացելով Տաճատ Վարդապետյանի համար:

Հիշեցնենք՝ ԱԺ նախկին պատգամավորն ընտրություններին զբաղեցնում էր ՀՀԿ համամասնական ցուցակի 33-րդ հորիզոնականը. «32-րդն անցավ, ինձ բախտ չվիճակվեց»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասել էր նա:

Մեզ հետ զրույցում Տաճատ Վարդապետյանն այսօր նշեց, որ մանդատի հետ կապված որևէ տեղեկություն չունի, տեղեկացված է այնքանով, որքանով մամուլն է գրում: «Իհարկե չեմ հրաժարվի, ավելին, լի եմ աշխատանքային պատրաստակամությամբ, ունեմ անելիքներ՝ առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ էր զբաղվում այս ընթացքում, Հայաստանո՞ւմ է եղել, թե՞ Ջավախքում. «Ինչպես գիտեք, ես նաև «Վիրահայերի միասնություն» ՀԿ ղեկավարն եմ և տարբեր միջոցառումներ ենք իրականացնում Ջավախքի հետ կապված: Այս ընթացքում ձեռնարկել եմ նաև իմ հայրենի գյուղի եկեղեցու վերականգնումը: Բացի այդ, ես ստեղծագործական թեթև ջիղ ունեմ, նաև դրանով եմ զբաղվել, թեև դեռ տպագրություն չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Տաճատ Վարդապետյանը խոհրդարանական գործունեության ընթացքում աչքի է ընկել նաև ասմունքելով, երբ ելույթների կամ բանաստեղծական երկխոսության ժամանակ քառյակներ էր մեջբերում Տերյանից, Ջիվանուց, Քուչակից: Վարդապետյանի հետ կապված հաջորդ ուշագրավ դրվագն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին շախմատի բլից խաղում հաղթելն էր: Հիշեցնենք՝ Տաճատ Վարդապետյան-Մագնուս Կարլսեն խաղը տեղի էր ունեցել 2014-ին, երբ նորվեգացի շախմատիստը հանդիպել էր Ազգային ժողովի շախմատասեր պատգամավորներին: 3.5 րոպեում Վարդապետյանը պարտության էր մատնել նրան:

5575 | 0
Facebook