Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը չի հետաձգվի. փոխվել է մրցավայրը

17:40, երկուշաբթի, 29 հունվարի, 2018 թ.
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը չի հետաձգվի. փոխվել է մրցավայրը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ծանրամարտի 2018 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը պետք է կայանար մարտի 23-ից ապրիլի 1-ն՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, սակայն դոպինգի հետ կապված խնդիրների պատճառով այն չի կայանալու Ալբանիայում։ Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան՝ EWF-ը, հայտարարել էր, որ առաջնությունը, հավանաբար, կհետաձգվի՝ մինչ նոր մրցավայրի հարցը լուծվի։ Այսօր հայտնի է դարձել, որ առաջնությունը կկայանա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Ռումինական ԶՄԼ-ների տեղեկություններով՝ առաջնության ժամկետները չեն փոխվելու, թեև նախապես մտահոգություն կար, որ ստուգատեսը կհետաձգվի։ Այն կկայանա ծրագրավորվածի պես՝ մարտի 23-ից ապրիլի 1-ը։

Ստեղծված իրավիճակում բաց է մնում ծանրամարտի Հայաստանի հավաքականի՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հարցը։ IWF-ը 2017-ի սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ մեր ֆեդերացիան որակազրկվել է 1 տարով՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար: Մեր հավաքականի որակազրկման ժամկետն ավարտվում է 2018-ի հոկտեմբերի 19-ին։ Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարել էր, որ երեք պետություն՝ Հայաստանը, Չինաստանը և Թուրքիան, հավանաբար, պատիժը կկրեն վեց կամ ավելի քիչ ամիս, ինչի արդյունքում Հայաստանի հավաքականը կկարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Մինչ այժմ մեր հավաքականի որակազրկման որոշման շուրջ որևէ փոփոխություն չկա։

4071 | 0
Facebook