Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գործը շատ է, չենք հասցնում հաց ուտել...». խոստովանում են սուպերմարկետի անչափահաս աշխատակիցները

17:05, երկուշաբթի, 29 հունվարի, 2018 թ.
«Գործը շատ է, չենք հասցնում հաց ուտել...». խոստովանում են սուպերմարկետի անչափահաս աշխատակիցները

Աշխատողին շահագործելու, նրա իրավունքները ոտնահարելու երևույթը շատ ցայտուն է հատկապես երևանյան սուպերմարկետներում: Ամանորին շատ խոսվեց այն մասին, որ «Երևան սիթի», «ՍԱՍ», «Ծիրան» առևտրի ցանցերում աշխատանքի են ընդունում անչափահասների, իսկ վերջինները, շատ դեպքերում, անտեղյակ աշխատանքային օրենսգրքի կարևոր դրույթներից՝ առավոտից երեկո, առանց հանգստի աշխատում են:

Առողջապահության ոլորտի ցանկացած ներկայացուցիչ կարող է փաստել, որ երկար ժամանակ ոտքի վրա մնալը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, գումարած՝ հոգնածությունը, քաղցը, ինչպես նաև՝ սթրեսային վիճակը չափազանց բացասական ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա:

Թեև նշված սուպերմարկետների ղեկավարությունը հերքում է, որ խախտվում են աշխատողի իրավունքները, սակայն, աշխատողներն իրենք էլ են խոստովանում, որ իրենց համար ծանր է նման գրաֆիկով աշխատելը:

Ամանորին «Երևան սիթի»-ում MAMUL.am-ի թղթակիցը անչափահաս աշխատակիցներից փորձել էր պարզել, թե վաղո՞ւց են աշխատում և արդյոք չեն հոգնո՞ւմ այս օրերին լարված ռեժիմով աշխատելուց.

«Դե ասել էին, որ մի փոքր հոգնեցուցիչ է լինելու, քանի որ սպասարկումը շատ է... Ես նոր եմ ընդունվել, լսել էի, որ նոր տարուն ավելի լավ են վարձատրում: Գործը շատ է իսկապես... չենք հասցնում հաց ուտել...»,- ժպտալով ասել էր աղջիկը:

Մեր հարցին՝ իսկապե՞ս լավ են վարձատրում, չէր պատասխանել, քանի որ զրույցին միջամտել էր աշխատակիցը և կոպտորեն վրա բերել, թե՝ «ձեր ի՞նչ գործն ա, որ տենց հարցեր եք տալիս. էդ հարցերով մեզ վիրավորում եք»,- ասել էր նա՝ հորդորելով չպատասխանել հետաքրքրասեր քաղաքացիների հարցերին, ապա հավելել, որ իրենց ոչ ոք չի պարտադրել գալ աշխատել, իրենց ցանկությամբ են այդտեղ:

Մեր առաջին զրուցակիցը չէր համաձայնել հարցից «վիրավորված» տղայի հետ և զարմանքով արձագանքել. «բայց ի՞նչ վիրավորական հարց ա, մարդը նորմալ հարցեր ա տալիս, խի՞ չպատասխանեմ, որ...»:

«Երևի կարգադրե՞լ են, որ նման թեմաներով չխոսեք ոչ ոքի հետ»,- շարունակել էր մեր թղթակիցը՝ դարձյալ պատասխան չստանալով:

Նշենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի՝ աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից, իսկ ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից:

Առաջիկայում կփորձենք պարզել, թե հայաստանյան իրականությունում ինչ չափով են ոտնահարված անչափահասների իրավունքները:

13870 | 0
Facebook