Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դառնալու ենք ոստիկանական երկիր». ոստիկանության ծառայողների ձեռքին, հագուստին կամ մեքենայում կլինեն տեսաձայնագրող սարքեր

11:10, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
«Դառնալու ենք ոստիկանական երկիր». ոստիկանության ծառայողների ձեռքին, հագուստին կամ մեքենայում կլինեն տեսաձայնագրող սարքեր

Խորհրդարանը քննարկում է «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունները, որը ներկայացնում է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Առաջարկվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս, ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ նկարահանող միջոցներ: «Դրանք իրականացվելու են միայն ծառայողական, ոչ անձնական տեխնիկական միջոցներով: Իրավախախտման դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք չի ունենա դադարեցնելու նկարահանումը: Կսահմանվեն պարտադիր նախազգուշացման պահանջներն, ինչպես նաև տեսանյութերն ու լուսանկարները պահպանելու ժամկետներն, օգտագործման նպատակները»,- ասաց հիմնական զեկուցողը: Ոստիկաններին կարող են իրավունք վերապահել նաև առանձին դեպքերում հանրային վայրերում տեղադրել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքեր:

«Սա միջամտություն է անձնական կյանքի հարգանքի իրավունքին»,- արձագանքեց «Ելք»-ից Արտակ Զեյնալյանը:

«Ստացիոնար տեսախցիկները հիմա էլ գործում են ու դա օրենքով ամրագրված է»,- արձագանքեց փոխոստիկանապետը:

«Տեսանկարահանող սարքերը տեղադրելով՝ մարդու իրավունքներն ենք պաշտպանելո՞ւ, թե՞ ավելի ենք վնաս տալու: Դառնալու ա ոստիկանական երկիր՝ մարդ չի կարողանալու ազատ արտահայտվել, խոսել»,- շարունակեց Սասուն Միքայելյանը:

«Որևիցե կապ ազատ մտքի արտահայտման հետ՝ տեսախցիկները չունեն»,- արձագանքեց Եղիազարյանը՝ շարունակելով. «Էսօր ունենք 3 կարգի միջոցներ՝ ստացիոնար արագաչափեր, քաղաքով մեկ սփռված տեսախցիկներ, երրորդը կլինեն դյուրագրգիռ միջոցները, որոնք կլինեն ոստիկանների ձեռքին, հագուստի վրա կամ մեքենայում՝ ծառայելով հանցագործությունները բացահայտելուն, կանխարգելելուն, հասարակական կարգն ապահովելուն»:

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանն՝ արձանագրելով. «Առնվազն տեսականորեն չի բացառվում, որ այս օրենքով ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, ակտիվիստի դիմացի հարևանի հետ ոստիկանությունը պայմանագիր կնքի և ամբողջ տունը, գրասենյակը վերցնի տեսանկարահանման տակ»:

Հարցի քննարկումը շարունակվում է:

5576 | 1
Facebook