Խնդրում ենք սպասել...

Համացանց

Երևան-Հրազդան երթուղայինի ուղեվարձը թանկացել է

11:15, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Երևան-Հրազդան երթուղայինի ուղեվարձը թանկացել է

«Հարկային նոր օրենսգրքի շրջանառության մեջ մտնելու դրական սպասումներով 2018-ն սկսեցինք թանկացումներով, գնաճով։ Կարո՞ղ է դեռ դրականը տեսնենք։ Բայց ո՞նց, ե՞րբ։ Երևան-Հրազդան երթուղին արդեն թանկացել է, գիտեք ինչու, որովհետև գծի տերը բարի կամք էր դրսևորել՝ 500 դրամով մրցույթը շահել ու 400 էր փոխադրում։ Հիմա մարդը թանկացրել ա, ու ամենավատը գիտեք որն է, որ որևէ մեկը չի կարող ինչ-որ քայլ ձեռնարկել։ Սպասենք մյուս երթուղիների տերերի բարեհոգության ավարտին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Հասմիկ Դիլանյանը:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը երեկ նշել էր, որ վառելիքի և քսայուղերի կտրուկ թանկացման արդյունքում միջքաղաքային տրանսպորտի թանկացումն անխուսափելի է լինելու: «Երևանում խնդիրն այլ է... Նոր տրանսպորտային ցանցի ներդրմանն ընդառաջ սակագնի վերանայումը քիչ հավանական է, իսկ գծերի փակվելն՝ ամենահավանական սցենարը»:

Վառելիքի թանկացմանն ու դրա հետևանքներին է անդրադարձել նաև նույն խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, ով երեկ մայրաքաղաքում կարճ զրույց է ունեցել 42 համարի ավտոբուսի վարորդի հետ. «Հարցրի` ինչքան է օրվա գումարդ ավելացել այս թանկացումներից հետո, ասաց` օրական 3000, ամսական` մոտ 100 հազար: Ու վերջում տխուր հավելեց` «Ու էդ ամբողջն իմ (վարորդի) վզին մնաց»,- գրել է Հարությունյանը՝ հավելելով, թե չի կարծում, որ առանց տրանսպորտի սակագնի թանկացման կարողանան աշխատել:

Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքը հունվարի 19-ին պատրաստվում է երթ անցկացնել ընդդեմ թանկացումների։

6751 | 0
Facebook