Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք որևէ բան թաքցնելու միտում չունենք». Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է վիրավորում ստացած երկու զինծառայողի դեպքին

11:40, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
«Մենք որևէ բան թաքցնելու միտում չունենք». Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է վիրավորում ստացած երկու զինծառայողի դեպքին

Հունվարի 4-ին Արցախում ականի պայթյունից վիրավորված երկու զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ մյուս զինծառայողը շարունակում է գտնվել Արցախում: Այս մասին տեղեկացրել են Արցախի զինվորական հոսպիտալից։

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ անդրադառնալով վիրավորում ստացած երկու զինծառայողի դեպքին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ՀՀ ՊՆ-ը որևէ բան թանքցնելու միտում չունի․ «Ինձ թվում էր մենք արդեն անցել ենք այս թեման, հաղթահարել ենք այս բարդույթը: ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ տեղեկատվական թափանցիկության հստակ քաղաքականությունը ամեն օր երևում է կոնկրետ քայլերով: Մենք որևէ բան թաքցնելու միտում չունենք և չենք թաքցրել և անտրամաբանական է զինծառայողի զոհվելու փաստը ներկայացնելու օրը մեզ մեղադրել ինչ որ բան թաքցնելու մեջ: Սակայն նույն ժամանակ վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել: Բազմիցս փաստարկված հիմնավորել ենք, որ եթե զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ապա նպատակահարմար չէ, նրանց վիրավորվելու լուրը հաղորդել և հակառակորդին հստակ փաստ ներկայացնել իր աշխատանքի արդյունավետության մասին, երբեմն նաև այլ բաների մասին.......: Սրանից ավել բան չեմ կարող ասել, կարծում եմ մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ մեր իրազեկվածության աստիճանը չպետք է գերազանցի մարտական խնդիրներ կատարող մարդկանց կյանքը վտանգելու աստիճանը»,- գրել է Ա․ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, երեկ լուր տարածվեց, որ հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղա­մասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել, ինչի մասին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնական հաղոր­դագրություն չի տարածել։

4637 | 3
Facebook