Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հովհաննես Չեքիջյանին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչում

23:05, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ.
Հովհաննես Չեքիջյանին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչում

Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, հայտնի դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին շնորհել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան:

Չեքիջյանը խմբավար է, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: Ծնվել է 1928թ. դեկտեմբերի 23-ին: Սովորել է Սեն Միշել վարժարաններում, 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961թ.` ասպիրանտուրան, միաժամանակ կատարելագործվել է «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ժան Ֆուռնեի դիրիժորական դասարանում: Չեքիջյանը 1944-1951թթ. ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» և բարեգործական հաստատությունների այլ երգչախմբերը: 1947թ. նա Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր, 1957թ.-ից՝ իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958-1961թթ.՝ օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը: 1961թ. Չեքիջյանը հայրենադարձել է և նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր: Նույն թվականին Չեքիջյանի ղեկավարությամբ Երևանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը համարվել է տարվա երաժշտական երեւույթ: 1982-1987թթ. Չեքիջյանը միաժամանակ Երեւանի օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է եղել: Չեքիջյանը ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախումբ (ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի, Մեծ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոնի և այլն):

79-ամյա Չեքիջյանը Հայաստանի թվով 17-րդ Ազգային հերոսն է։

Հայաստանի մյուս 16 Ազգային հերոսներն են․

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց

Վիկտոր Համբարձումյան

Ալեք Մանուկյան

Մոնթե Չառլզի Մելքոնյան

Ջիվան Զավենի Աբրահամյան

Վիտյա Վորոշի Այվազյան

Մովսես Գևորգի Գորգիսյան

Թաթուլ Ժորժիկի Կրպեյան

Գեղազնիկ Արմենակի Միքայելյան

Յուրա Վաղարշակի Պողոսյան

Կարեն Սերոբի Դեմիրճյան

Վազգեն Զավենի Սարգսյան

Շառլ Ազնավուր

Քըրք Քըրքորյան

Նիկոլայ Ռիժկով

Էդուարդո Էռնեկյան

8017 | 1
Facebook