Մայրաքաղաքում գործող երաժշտական և արվեստի դպրոցների վարձավճարները թանկացել են: Նման որոշում, ի վերջո, կայացրել է Երևանի քաղաքապետարանն` ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ այս նախագծով երաժշտական դպրոցների ծառայությունների դիմաց կսահմանվի ամսական ֆիքսված 8000 դրամ:
Նախագծին դեմ է քվեարկել ավագանու «Ելք» խմբակցությունը:
Ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը բազմիցս բարձրաձայնել է այս խնդրի հետ կապված ռիսկերը` նշելով, որ մարզերից Երևան եկող երեխաները կտուժեն որոշման ընդունման դեպքում: «Ես մարդկանց գիտեմ, ովքեր նույնիսկ 1000 դրամ թանկացման դեպքում իրենց երեխաներին կհանեն դպրոցից»,- համոզմունք է հայտնել նա:
Թեև քաղաքապետարանը «բարեփոխում» է անվանում և գտնում է, որ սա թանկացում չէ, սակայն Ա. Հարությունյանի խոսքով` վարձավճարների թանկացման այս ծրագիրը հազարավոր քաղաքացիների գրպանին է խփում:
Ըստ «Ելք»-ի ավագանու անդամի, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բազմաթիվ դպրոցներում վարձը կրկնակի է բարձրանալու, Երևանի հաշվառում չունեցողների համար նույնիսկ մինչև 5 անգամ:
Արայիկ Հարությունյանը նշում է, որ այս որոշումից տուժելու են նաև մասնագետներն` աշակերտների կրճատվելու արդյունքում ինքնըստինքյան նվազելու է ուսուցիչների պահանջարկը:
Նախագծի ընդունման վերաբերյալ Տարոն Մարգարյանի հիմնավորումն այն է, որ դրանով մայրաքաղաքում գործող բոլոր դպրոցները հավասար խաղի կանոններով կշարունակեն իրենց գործունեությունը:
Նշենք, որ նախագիծը Երևանի ավագանու կողմից ընդունվել է ձայների 60 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ: