Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուբեն Թաթուլյանի դիվանագիտական պաշտպանության համար մեր երկիրը հատուցում է իր մաշված հեղինակության սուղ վարկի վերջին փշրանքներով». Հ. Խառատյան

17:55, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
«Ռուբեն Թաթուլյանի դիվանագիտական պաշտպանության համար մեր երկիրը հատուցում է իր մաշված հեղինակության սուղ վարկի վերջին փշրանքներով». Հ. Խառատյան

Մի քանի տարի առաջ ՀՀ նախագահի հովանավորությամբ «օրենքով գողերի» հավաք եղավ Ծաղկաձորում: Մեր կրկրի հեղինակությամբ և վարկանիշով մտահոգ քաղաքացիների համար շոկային այս հավաքի «պտուղները» երկարեցին այնքան, որ այդ հավաքին մասնակիցներից մի քանիսը համարյա պաշտոնապես սկսեցին ազդել ՀՀ ընտրությունների ընթացքի վրա՝ հընթացս նաև դաս տալով «օրենքով գողական» արդյունավետ ընտրությունների առանձնահատկությունների շուրջ: Դա մեր երկրի «հաջողված դասերից» էր: Այս պարոնը՝ Ռուբեն Թաթուլյանը («Ռոբսոն») նույնիսկ Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունի: Գուցե նրանցից շատերն ունեն, բայց սրանը այսօր հայտնի դարձավ: Հասկանալի է՝ միանգամայն տրամաբանական պատճառաբանությամբ՝ դա նրան հատուցելու ձևերից մեկն է, դիվանագիտական պաշտպանությունը շահեկան երևույթ է: Պարոն Ռուբեն Թաթուլյանի դիվանագիտական պաշտպանության համար մեր երկիրը հատուցում է իր մաշված հեղինակության սուղ վարկի վերջին փշրանքներով: Հիմա պիտի սպասե՞նք իր տված անձնագրատիրոջը պաշտպանելու ԱԳՆ-ի վճռական գործողություններին, թե՞ ԱԳՆ-ն իր կորցրած հնարավորությունների «ակտիվի» նոր նվազման հաշվարկն է անում: Շատ չի անցել այն ժամանակներից, երբ ՀՀ ԱԳ նախարար պարոն Նալբանդյանը հայտարարում էր, որ Հայաստանի դիվանագետները նույնն են, ինչ սահմանին կանգնած զինծառայողները: Դիվանագիտական «սահմանին կանգնելու ընթացքում» հեղինակությունը հաշված «Ռոբսոնը» մեր հազար դրամների օգնության կարիքը չունի՞, թե՞ «փողերի լվացման, շորթման, կաշառակերության և կողոպուտի մեջ» ներգրավվելում մեղադրանքը հաշմություն չէ: Բայց դե հասկանալի է, իհարկե, որ «Ռոբսոնին» այդ կարգի մեղադրանքներում ներգրավելը սադրել է Սորոսն իր հայտնի բազմաճյուղ «Բաց հասարակության» հիմնադրամով, հայտնի է, որ նա տանել չի կարողանում «Փակ հասարակությունների» հեղինակություններին: Թրամփն էլ, տարօրինակ մարդ, Սորոսին տանել չի կարողանում, բայց տրվել է նրա սադրանիքն: Դե արի գլուխ հանի այս քաոսից: Արանքում տուժողը կրկին Հայաստանն է լինելու՝ կորցնելով «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամին և «Հայաստանի ներդրողների ակումբի» դեռ չհավաքած հեղինակությունը, որով նաև Հայաստանում «խորը բարեփոխումներ անցկացնելու գործը»: Իսկապես, ինչ դժվար է «խորը բարեփոխումներ անցկացնել» «օրենքով», թե «անօրենք» գողերի հետ՝ սայթաքումներն ու վտանգներն անընդհատ ամենուր և են, բացի հայրենիքից: Մտածում եմ՝ գուցե մեր կառավարությունն «օրինական արդյունավետ կառավարման» ուսուցման կարի՞ք ունի:

8361 | 0
Facebook