Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախարարը խոստացել է քննարկել աջ ղեկով մեքենաների վաճառքի արգելքին վերաբերող դրույթը

21:20, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
Նախարարը խոստացել է քննարկել աջ ղեկով մեքենաների վաճառքի արգելքին վերաբերող դրույթը

Ինչպես հայտնել ենք, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչներին։

Նախաձեռնության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկություններ արել։ Հիմնական դժգոհությունը վերաբերել է որոշման նախագծի հիմնավորման այն կետին, որով արգելվում է սեփականության իրավունքի փոփոխությունը։ Նրանք կարծում են, որ այն հակասահմանադրական է, ուստի՝ անթույլատրելի։ Նախարարը նշել է, որ Հայաստանում երթևեկությունը աջակողմյան է, ինչը ենթադրում է բացառապես ձախակողմյան ղեկային համակարգով կահավորված տրանսպորտային միջոցների շահագործում։ Ինչ վերաբերում է աջ ղեկով մեքենաների վաճառքի արգելքին վերաբերող դրույթին, ապա նախարարը նշել է, որ այդ դրույթը կարելի է քննարկել: Նա առաջարկել է, որ նախաձեռնության կազմակերպիչները մյուս դրույթների շուրջ քննարկումը շարունակեն նախարարության համապատասխան վարչության մասնագետների հետ, ինչպես նաև իրենց առաջարկությունները ներկայացնեն գրավոր:

Հիշեցնենք` նրանք դեմ են ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերի որոշ դրույթներին։

Նախագծով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և սահմանափակել դրանց վերահաշվառումը։

4637 | 0
Facebook