Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փաստաբանները պետք է որևէ գործողություն չանեն՝ մտածելով, որ ֆինանսական բեռ կդրվի իրենց վրա»․ փաստաբաններն ընդունված օրենքի դեմ պայքարի կոչ են անում

17:45, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
«Փաստաբանները պետք է որևէ գործողություն չանեն՝ մտածելով, որ ֆինանսական բեռ կդրվի իրենց վրա»․ փաստաբաններն ընդունված օրենքի դեմ պայքարի կոչ են անում

«Սա առնվազն միամիտ անձի անգրագետ գործողություն է, անգամ եթե օրենքը շատ արագ հակասահմանդրական էլ չճանաչվի, Եվրոպական դատարանը կհամարի, որ սա փաստաբանների իրավունքների սահմանափակում է, ինչը չի կարելի սահմանափակել: Հասկանալի է, օրենքն այդքան հեշտ ու արագ կարողանում են ընդունել իշխանությունները, բայց սա չի նշանակում, որ ամեն արարք, ամեն պատի տակ ընդունված օրենք, իրավունք ունեն կյանքի կոչելու: Սա, ուղղակի միամիտ վերաբերմունք է արդարադատությանը: Սա և´ անհեթեթություն է, և´ միամտություն, և´ անգրագիտություն»,- անդրադառնալով «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» աղմկահարույց օրենքի նախագծի ընդունման փաստին, կարծիք է հայտնել փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբաններից Արա Ղարագյոզյանն էլ կոչ է արել իր գործընկերներին` դուրս գալ փողոց, անհնազանդություն դրսևորել: «Ես ընդդիմադիր պատգամավորների հետ եմ խոսել, նրանք կմիանան մեզ: Արդեն որոշ դատավորների կողմից սպառնալիքներ են հնչում. երեկ ես առարկեցի դատավոր Գագիկ Պողոսյանի գործողությունների դեմ, նա էլ ինձ զգուշացրեց, որ եթե հաջորդ անգամ նման բան անես, նայի քեզ ինչ եմ անելու: Սա ակնհայտ եվրոպական կոնվենցիայի արդար դատաքննության իրավունքի խախտում է: Այսինքն` փաստաբանները պետք է գան` նստեն, լռեն, որևէ գործողություն չանեն` մտածելով, որ ֆինանսական բեռ կդրվի իրենց վրա»,- ասաց Ղարագյոզյան` կրկին կոչ անելով պայքարել այս նախագծի դեմ:

Հիշեցնենք՝ Աժ-ում աղմուկ հանած «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը փաստաբանի նկատմամբ դատավորի կողմից տուգանք նախատեսելու դրույթ է սահմանում՝ հնարավորություն տալով վերջինին տուգանել մինչև 100 հազար դրամի չափով։ Օրենքը նախատեսում է փաստաբանների նկատմամբ կիրառել սանկցիաներ, որոնք է´լ ավելի խոցելի կդարձնեն պաշտպանական կողմը։

Նշենք, որ «Ելք» խմբակցությունը առաջարկել էր հանել փաստաբանների նկատմամբ կիրառվող սանկցիան, որպեսզի նրանք չտուգանվեն, սակայն առաջարկը մերժվել է:

3498 | 0
Facebook