Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քիչ առաջ բոլորիս աչքի առաջ, ակնհայտ կեղծիքով խորհրդարանական մեծամասնությունը «սղցրեց» սահմանադրական կոչվող օրենքը»․ «Ելք-ի պատգամավորները բոյկոտեցին ԱԺ աշխատանքը

12:19, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
«Քիչ առաջ բոլորիս աչքի առաջ, ակնհայտ կեղծիքով խորհրդարանական մեծամասնությունը «սղցրեց» սահմանադրական կոչվող օրենքը»․ «Ելք-ի պատգամավորները բոյկոտեցին ԱԺ աշխատանքը

Այսօր Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթի քվերակությունը մեծ աղմուկ բարձրացրեց ԱԺ-ում:

Նախքան քվերակությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ «Ելք»-ը դեմ է քվեարկելու այս նախագծին. «Մենք բովանդակային առումով դեմ ենք այս փոփոխություններին, որովհետև արդար դատաքննության իրավունքի հրապարակյանության բաղադրատարրը կտուժի: Եթե մենք Երևանում միացնենք, դարձնենք մեկ միասնական տարածք, աշխարհագրական առումով կդառնա ոչ մատչելի»:

Զեյնալյանը կոչ արեց գործընկերներին, որ նրանք, ովքեր դեմ են նախագծին` չմասնացեն քվեարկությանը, նույնը հորդորելով նաև «Ծառուկյան» խմբակցությանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր առաջարկը` որպեսզի դատարանում փաստաբանների նկատմամբ կիրառվող սանկցիան և նրանց նկատմամբ տուգանքը հանվի, մերժվել է: Ըստ նրա, դա ճնշում է փաստաբանական գործունեության և իրավապաշտպան գործունեության նկատմամբ: «Քանի որ առաջարկությունը մերժվել է, այդ իսկ պատճառով կոչ եմ անում «Ելք» խմբակցության պատգամավորներին դեմ քվերակել սահմանադրական օրենքին»,- ասաց նա:

Նման հայտարարությամբ հանդես եկավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոյանը. «Բոլորս էլ գիտենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և օրենսդրությունը ձևականորն հռչակում է մրցակցող կողմերի, այսինքն` մեղադրանքի և պաշտպանող կողմերի իրավահավասարություն, բայց, իրականում, այդպիսի իրավահավասարություն գոյություն չունի, քանի որ նրանք փաստացի անհավասար վիճակում են: Հիմա այս սանկցիան, եթե մենք թույլատրենք կիրառել փաստաբանների նկատմամբ, սրանով էլ ավելի խոցելի կդառնա փաստաբանական կողմը»,- ասաց նա:

Ի վերջո 63 ձայնով օրենքի նախագիծն ընդունվեց, որից հետո Ազգային ժողովում խառնաշփոթ սկսվեց. պատգամավորների մի մասն ասում էր, որ քվերակության է դրվել Արփինե Հովհաննիսյանի ձայնը, որը բացակա է և նույնիսկ երկրում չէ: Նրանք պնդում էին, որ նման պարագայում, օրենքի նախագիծը չի կարող ընդունվել, իսկ ընդունված օրենքն անցակցվել է անարդար կեպով:

Այդ խառնաշփոթի մեջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորում էր Արա Բաբլոյանին շարունակել հաջորդ նախագծերի քվերկությունը և «անցնել առաջ»:

Նիկոլ Փաշինյանն ավելի բորբոքվեց. «Պարոն Մախմուդյանի և պարոն Ազիզյանի կնոպկաները կարճ միացում ունեն, իրար փոխարեն են քվեարկում: Կոստանյանը ասում ա՝ դեմ է, բայց տաբլոն ցույց է տալիս «կողմ» է քվեարկել»:

Այնուհետեւ «Ելք» դաշինքի պատգամավորները բոյկոտեցին նիստը՝ ձեռքերով խփելով սեղաններին:

«Քիչ առաջ բոլորիս աչքի առաջ, ակնհայտ կեղծիքով խորհրդարանական մեծամասնությունը սղցրեց սահմանադրական կոչվող օրենքը, ինչը ցույց է տալիս, որ այս ամբողջ կենացները, խորհրդարանական երկիր անցնելու մասին, բարեփոխումների մասին, փոքրամասնությանը հնարավորւթյան տալու մասին, դրանք ընդամենը հերթական կեղծիքն են, հերթական կոմեդիա: Այս պահին մենք դուրս ենք գալիս որպեսզի այս կոմեդիա քվերակությանը չմասնակցենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և «Ելք»-ի մյուս պատգամավորների հետ միասին հեռացավ նիստերի դահլիճից:

5432 | 0
Facebook