Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«2017-ին միջազգային հարթակում 18 անգամ հնչել է Հայաստանի օրհներգը». Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց տարին

14:00, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
«2017-ին միջազգային հարթակում 18 անգամ հնչել է Հայաստանի օրհներգը». Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց տարին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այսօր, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփեց մարզական տարին։

«Վերջին 4 տարվա ընթացքում 1000-1200 դոպինգ-փորձանմուշ ենք հանձնել։ Ոչ մեկը դրական չեն եղել։ Մոտ հիսուն տարվա փորձս ցույց է տվել, որ մեր ազգը շատ տաղանդավոր է։ Պետք է մարդ, փարոս, լույս, որ առջևում ընթանա և իր հետևից տանի հավաքականին։ Որորվհետև աշխատասեր ենք, տաղանդավոր։ Ինչպե՞ս հաջողություն չհամարել այս տարվա 80 մեդալը։ Չեմ ուզում ամպագորգոռ հայտարարություններ անել, բայց նվաճած 36 ոսկե, 21 արծաթե և 23 բրոնզե մեդալն ամեն ինչ ասում են իմ փոխարեն։ Միջազգային հարթակում 18 անգամ հնչել է Հայաստանի օրհներգը և բարձրացել է դրոշը։ Կարող էր լինել ավելին, բայց մեզ, ցավոք, թույլ չտվեցին մասնակցել աշխարհի առաջնությանը։ Աբսուրդ է պատժել այժմյան սերունդին՝ հին արդյունքենրի համար։ Համեմատություն բերեմ։ Մի բարձրահարկ շենքի առաջին հարկում մարդասպան կա, մի քանի տարի հետո շենքի մանուկներին ճի՞շտ է այդ մարդու սխալների համար մեղադրելը։ Եթե մասնակցեինք աշխարհի առաջնությանը ինը մեդալ կնվաճեինք՝ 3-ական մեդալներ կվերցնեին Սիմոն Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը և Գոռ Մինասյանը։ Սիմոնը մեկ ամիս առաջ 30 կգ ավելին էր բարձրացրել, քան չեմպիոն մարզիկը։ Անդրանիկն իր վատագույն արդյունքով կարող էր արծաթե մեդալ նվաճել, իսկ Գոռը կպայքարեր երրորդ տեղի համար»,- Ալավերդյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Խոսելով մեր հավաքականի որակազրկման մասին՝ Ալավերդյանը նշեց, որ հավանականություն կա, որ մեր հավաքականը կմասնակցի Եվրոպայի 2018 թվականի առաջնությանը. «Մենք՝ որակազրկված ֆեդերացիաներս, համաձայնել ենք, որ կվճարենք հիսուն հազարական դոլար։ Բացի այդ, մեր մարզիկներն առնվազն երեք անգամ պետք է դոպինգ-թեստ հանձնեն՝ մինչ որևէ մրցման մասնակցելը։ Բացի այդ երեք պետություն՝ Հայաստանը, Չինաստանը և Թուրքիան, հավանաբար, պատիժը կկրեն վեց կամ ավելի քիչ ամիս, ինչի արդյունքում Հայաստանի հավաքականը կկարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Բացի այդ, մենք այդ ընթացքում կկարողանանք Հայաստանի առաջնություն անցկացնել, ինչպես նաև միջազգային մրցումների մասնակցել»։

Անդրադառնալով հաջորդ տարվա ծրագրերին՝ Ալավերդյանը նշեց․ «Հունվարի 15-ից կմեկնարկեն մարզական հավաքները։ Աղջիկները կմեկնեն Օլիմպավան, տղաները՝ Ծաղկաձոր, այնուհետև տեղերով կփոխվեն և փետրվարի 20-ից 26-ը կմասնակցեն Հայաստանի առաջնությանը։ Հռիփսիմե Խուրշուդյանը և Տիգրան Մարտիրոսյանը մայիսից ազատ են։ Հռիփսիմեն մարզվում է, և չնայած երկու տարվա որակազրկմանը, դեռ հույս ունի, որ կարող է արդյունք ցույց տալ միջազգային հարթակում։ Նազիկը դեռ որոշում չի կայացրել՝ կշարունակի, թե ոչ։ Տիգրանը խոսոտովանեց, որ կցնականա անցնել պետական աշխատանքի»։

3967 | 0
Facebook