Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նրանք իմ մեջ տեսնում են «Եվրոտեսիլ»-ի հաղթողի». Հայկ Կասպարով

20:05, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
«Նրանք իմ մեջ տեսնում են «Եվրոտեսիլ»-ի հաղթողի». Հայկ Կասպարով

Երգիչ Հայկ Կասպարովը «Դեպի Եվրոտեսիլ» մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Հայկ Կասպարովը պատմել է, թե ինչպես է որոշել մասնակցել մրցույթին և ինչպես է գնահատում իր հնարավորությունները: «Առաջարկն ստացել եմ երգի հեղինակներից, ովքեր արդեն երկար ժամանակ է՝ հետևում են իմ գործունեությանը: Դեռ 2013-2014 թվականներին նորից երգ էին ուղարկել, բայց այդ տարի Հանրային հեռուստաընկերությունն էր որոշում, թե որ երգիչն է մասնակցելու «Եվրոտեսիլ»-ին, և այնպես եղավ, որ մեր համագործակցությունը չստացվեց: Ճիշտն ասած՝ այս անգամ մտադրություն էլ չկար և չգիտեի էլ, որ նախընտրական փուլ է լինելու: Երգի հեղինակը գրեց, որ Հանրային հեռուստաընկերության նշում գրված է, որ այս տարի լինելու է մրցույթ, եթե ցանկություն ունես, երգ ունենք գրած և գտնում ենք, որ դու կարող ես այն կատարել: Ուղարկեցին, լսեցի ու մտածելուց հետո որոշեցի, որ կանենք»:

Երգչի խոսքով մրցութային երգն իսպաներեն է: Երգի հեղինակներն իրենք էլ իսպանացիներ են: Երաժշտության հեղինակը Ռաֆայել Առտեսերոն է, խոսքերի հեղինակները՝ Ռաֆայել Առտեսերոն և Խոսե Խուան Սանտանան: Երգը սիրո մասին է. տղան փորձում է աղջկան ուղղորդել, որ սիրահարվի միայն իրեն: «Երգի նախնական տարբերակը շատ իսպանական էր, բայց առաջարկեցի, որ գործիքավորումը փոխվի, ավելի ժամանակակից գործիքավորմամբ դառնա փոփ երգ, նոր ձայներով, որը հիմա լսում են Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Քանի որ ես էլ բնակվում եմ Եվրոպայում, գիտեմ՝ այստեղի ժողովուրդն ինչ երաժշտություն է սիրում, ինչ երգեր են հնչում ռադիոներով և ակումբներում»:

Հայկից հետաքրքրվեցինք՝ հայկական գործիքավորման ելևէջներ կլինե՞ն նրա կատարման մեջ, թե՞ ոչ: «Երգի հեղինակներն առաջարկում էին, որ ինչ-որ հայերեն բառ կամ գործիք լինի երգի մեջ: Նրանք կարծում էին, որ միգուցե խանգարի, որ հայկական շունչ չլինի: Ես միանշանակ ասացի՝ ոչ: Կարծում եմ, դա հոգնեցուցիչ է: Այդ դեպքում երգը պետք է ամբողջովին լինի հայկական շնչով: Եթե անկեղծ խոսենք, այսքան ժամանակ միայն Սիրուշոյի դեպքում էր, երբ հայկական գործիքներ են եղել երգի մեջ ու հայերեն տեքստ, ինչն ընդունվել է նույն Եվրոպայում: Չեմ ասի՝ շատ հաճախակի, բայց պատահում է, որ ակումբներում մինչև հիմա հնչում է Սիրուշոյի «Քելե-Քելե» երգը: Երգի հեղինակները նաև առաջարկում էին երգը փոխել անգլերեն լեզվով, ես կրկին չհամաձայնեցի ու միայն այն պատճառով, որ այսօր, եթե ռեալ նայենք, ամբողջ աշխարհում ամենաշատ ճանաչում և դիտումներ ունեցող երգերը՝ դա իսպաներեն երգերն են»:

Խոսելով մրցույթում իր շանսերի մասին՝ Հայկ Կասպարովն ասաց. «Իմ երգը տարբերվելու է բոլորի երգերից միայն հենց լեզվի պատճառով, դա հաստատ է: Ինձ թվում է՝ ոչ ոք իսպաներենով երգ չի ներկայացնի: Երկրորդ՝ երգի հեղինակները բավականին մեծ ճանաչում ունեն Եվրոպայում և նրանց գրած երգերը վերջին 7-8 տարիների ընթացքում տարբեր երկրներից հաղթահարել են եզրափակիչ փուլը: Նրանք գրում են հատուկ «Եվրոտեսիլ»-ի համար երգեր ու գիտեն՝ ինչ է պետք անել, որպեսզի եվրոպացի հանդիսատեսն այդ 3 րոպեի ընթացքում ընկալի, սիրի և քվեարկի երգի օգտին: Ճիշտ է՝ շատ կարևոր է նաև շոուն: Եթե Աստված տա ստացվի, շոուն պետք է լինի ցնցող մի բան, ու ես վստահ եմ՝ մենք դա կարող ենք անել: Հեղինակներն իմ մեջ տեսնում են «Եվրոտեսիլ»-ի հաղթողի: Չգիտեմ՝ ովքեր են լինելու մյուս մասնակիցները, բայց կարող եմ ասել, որ վերջին երկու տարիների ընթացքում ես Եվրոպայում ունեցել եմ բազմաթիվ համերգներ ու կարելի է ասել՝ եվրոպաբնակ հայերի մեծ մասը ճանաչում են ինձ: Ինձ թվում է՝ «Եվրոտեսիլ»-ին մասնակցող երգչի համար շատ կարոր է, որ իրեն ճանաչեն: Իմ պարագայում պրոմոտուրը նույնիսկ ինքնուրույն կարող եմ կազմակերպել»,- եզրափակեց երգիչը:

9032 | 0
Facebook