Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ նախագահը խոսել է կենսաթոշակների, աշխատավարձերի ու թանկացումների մասին

10:20, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
ՀՀ նախագահը խոսել է կենսաթոշակների, աշխատավարձերի ու թանկացումների մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել է ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությանը, տնտեսական խնդիրներին, խոսել թանկացումների մասին, պատասխանել՝ կշարունակի՞ մնալ քաղաքականության մեջ, թե՞ ոչ՝ հարցին:

- 2018թ. կենսաթոշակն ու աշխատավարձը չեն բարձրանա, մինչդեռ պարենային ապրանքմների գները բարձրանում են և ավելի կբարձրանան 2018-ի հունվարի 1-ից: Ի՞նչ է ծրագրում անել կառավարությունը՝ սոցիալական լարվածությունը մեղմելու համար։

- Լավ ապրելու միակ բանաձևը աշխատելն է և բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, և կարծում եմ՝ այս առումով կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր տնտեսական աճը լինի շոշափելի։ Հիմա կասեք՝ ինչո՞ւ կոնկրետ թիվ չեք նշում։ Այո՛, հիմա կոնկրետ թիվ չեմ նշում՝ հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, բայց շոշափելի պիտի լինի։ Մենք ավելի շատ ապրանքներ պետք է արտադրենք, մենք ավելի շատ աշխատատեղեր պետք է ստեղծենք, բայց ամենակարևոր խնդիրներից մեկը՝ բարձր վճարվող աշխատատեղերի հարցն է։ Երբ խոսում ենք, ասում ենք՝ 2018-ին աշխատավարձ չի բարձրանալու, դա այդպես չի. դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու: 2017-ի համար էլ նշված չէր աշխատավարձերի աճ, բայց այս տարվա հոկտեմբերին ՀՀ միջին աշխատավարձը 4.8 տոկոսով ավելին է, քան 2016թ. հոկտեմբերին, նույնը լինելու է 2018-ին։ Այսինքն՝ ոնց ուզենք-չուզենք, հընթացս աճ լինելու է. դա շատ մեծ չի լինելու, ուղղակի մենք պետք է ձգտենք նրան, որպեսզի աշխատավարձերի աճը լինի առաջանցիկ, քան գնաճը... Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը և նրա գլխավորած կառավարությունն իրենք իրենց առջև են խնդիր դրել, և այդ խնդիրը 5-6 տոկոս տնտեսական աճն է։ Եվ եթե մարդն ինքն իր առջև խնդիր է դնում, եթե կառավարությունը իր առջև խնդիր է դնում և այդ խնդիրը խորը հակադրության մեջ չի մտնում քո պատկերացումների հետ, պարտադի՞ր է, արդյոք հայտարարել դրա մասին։ Ես կարծում եմ, դա էլ, վատ ցուցանիշ չէ. 5 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն կտա օգտվել այդ աճի արդյունքներից, դա տեսանելի և շոշափելի կլինի։

«Բանաձև». հարցազրույց ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ
11408 | 5
Facebook