Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին այսօր տեղափոխել են Կիևի Պեչերսկի դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար:
Սաակաշվիլին ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին, բայց համակիրները փախցրել էին նրան իրավապահների ձեռքից, ինչից հետո շարժվել էին քաղաքի կենտրոն՝ պահանջելով նախագահ Պորոշենկոյի իմպիչմենթը: Հաջորդ օրն իրավապահներն այցելել էին Սաակաշվիլիի վրանային քաղաք, որտեղ սակայն, դիմադրության էին հանդիպել:
Սաակաշվիլիին երկրորդ անգամ ձերբակալել հաջողվել է ուրբաթ երեկոյան:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մտադիր է նրա նկատմամբ տնային կալանք սահմանելու մասին միջնորդություն ներկայացնել: Ինքը՝ Սաակաշվիլին, ձերբակալությունից հետո մեկուսարանում հացադուլ է հայտարարել: