ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես կհայտարարի, որ Վաշինգթոնը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին:
«Նախագահը դեկտեմբերի 6-ին կհայտարարի, որ Միացյալ Նահանգները Երուսաղեմը ճանաչում են Իսրայելի մայրաքաղաք»,- ասել է նա:
«Այդ հայտարարությունը չի փոխի սահմանների հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը»,- հավելել է պաշտոնյան:
Նա նաև հայտնել է, որ Թրամփը Պետդեպարտամենտին հանձնարարել է սկսել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու աշխատանքները:
Երուսաղեմի կարգավիճակն ուղիղ կապ ունի Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև հակամարտության հետ, որին աջակցում են արաբական մյուս պետություններն ու իսլամական ողջ աշխարհը: Այդ քաղաքը, հատկապես դրա արևելյան հատվածը, սուրբ է համարվում 3 կրոնների համար՝ հուդայիզմ, իսլամ և քրիստոնեություն: Իսրայելն այդ շրջանն զբաղեցրել է 1967թ. Մերձարևելյան պատերազմի ընթացքում և այդ քաղաքն իր տարածքի անբաժանելի մաս է համարում: Իսկ պաղեստինցիներն Արևելյան Երուսաղեմն իրենց ապագա պետության մայրաքաղաքն են համարում:
Եթե ԱՄՆ-ն պաշտոնապես Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչի, ապա դա միջազգային հանրության հետ կոնֆլիկտի կհանգեցնի: Բացի այդ, այդ որոշումը կամրապնդի Իսրայելի դիրքորոշումը՝ կապված Երուսաղեմի արևելյան բնակավայրերի օրինականության հետ: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցներն ակնկալվելիք հայտարարության մասին նորությանն ագրեսիվ են արձագանքում: