Որքան էլ կրթության ոլորտի ջատագովները, հանձինս ԿԳՆ-ի և քաղաքապետարանի պաշտոնյաների, յուրաքանչյուր ուսումնական տարեսկզբին հայտարարում են, որ խիստ պայքար են տանելու հանրակրթական և նախադպրոցական հաստատություններում դրամահավաքության դեմ, բայց վերջինները, միևնույն է, հարմար առիթի դեպքում շարունակում են իրենց որդեգրած սկբունքներով ծնողից «պոկելու» քաղաքականությունը:
Օրինակ, էլիտար որոշ դպրոցներում այլ մեթոդներով են գումարներ կորզում աշակերտներից: Որպես ավանդույթ նրանցից շատերը գործարքներ են կնքում մասնավոր ընկերությունների կամ անհատների հետ և աշակերտին ստիպում հենց այդ ծառայություններից օգտվել:
Անչափ տարօրինակ է այն, որ դպրոցներում ավարտական դասարանների աշակերտներին ստիպում են դեռևս ուս-տարվա սկզբից վինետկայի համար նկարվել, երբ դեռ դպրոցն ավարտելուն բավականին ժամանակ կա, առնվազն մինչև մայիս: Ի դեպ, եթե մեկ-երկու տարի առաջ մեկ շրջանավարտը վինետկայի համար վճարում էր 2 500-3 000 դրամ, ապա այժմ` կրկնակի թանկ: Այն այսօր մեկ շրջանավարտի համար արժե 5000 դրամ: Համագործակցելով լուսանկարչական ծառայություններ իրականացնող ընկերությունների կամ անհատների հետ, դպրոցները, բնականաբար, ունեն իրենց շահույթը և վինետկայի նման բարձր գինը խոսում է այն մասին, որ գումարը երկուստեք է բաժանվում, այսպես ասած` գործարքն իրականցվում է 50/50 տարբերակով: Ի միջի այլոց, նշենք, որ հատկապես կենտրոնում գործող էլիտար կոչվող դպրոցներում ավարտական դասարաների թիվը հասնում է նույնիսկ մինչև 7-ի: Ընդ որում` այդ յոթ ավարտական դասարաններում աշակերտների թիվը տատանվում է 35-38-ի, շատ դեպքերում` նույնիսկ 40-ի միջև: Եթե փոքրիկ հաշվարկ կատարենք, թե արդունքում որքան գումար է կազմում միայն վինետկայի ստացված հասույթից, պատկերը պարզ կլինի:
Թեպետ հանրակրթական և նախադպրոցական հաստատություններում վաղուց վերացած է «ֆոնդի փող» հասկացողությունը, բայց, միևնույն է, այսօր էլ շատ կրթօջախներում տարբեր անվան տակ գումարներ են հավաքում: Օրինակ, «Չորրորդ իշխանության» հրապարակումներից տեղեկանում ենք, որ մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում դրամահավաք է իրականացվում: Խոսքն, ըստ աղբյուրի, Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզի մասին է, երբ տնօրինությունը «Օգնիր մանկապարտեզիդ» հիմնադրամի անվան տակ 1000-ական դրամներ է հավաքել սաներից: Դրամը մանկապարտեզում պահանջում են առձեռն և ոչ հաշվեհամարին փոխանցելով։
Գրեթե բոլոր մանկապարտեզներում ծնողները մի ուրիշ խնդրի առաջ էլ են կանգնում. երեխան պարտավոր է իր հետ մանկապարտեզ տանել ամենօրյա օգտագործման ամենատարրական պարագաները` զուգարանի թուղթ, սրբիչ, անկողին, սպասք, անձեռոցիկ, գրենական բազմապիսի պարագաներ...
Այսպիսով, տպավորություն է ստեղծվում, թե փոքրիկներն անվճար մանկապարտեզ են հաճախում, սակայն, իրականում, նրանց ծնողներն ամենամսյա որոշակի գումարի հետ միասին տարբեր իրեր են տրամադրում մանկապարտեզներին։
MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ծնողներից մեկը հավաստեց, որ մինչև նախորդ ամիսը, կայարանամերձ մանկապարտեզներից մեկը հաճախող իր թոռնիկի համար ինքն ամեն ամիս պարտադիր կարգով 500-ական դրամ էր տալիս։ «Մի քանի օր առաջ տնօրենը ժողով արեց և ասաց, որ այլևս գումարներ չեն հավաքվելու։ Իսկ հետո, դաստիարակը ծնողների հետ զրույցում ակնարկեց, որ թեև դրամահավաքը հանվել է, բայց եթե ուզում եք, որ ձեր երեխաներն այստեղ իրենց լավ զգան, որոշակի գումար վճարեք»։