Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կան հարյուրավոր տաղավարներ, որոնցից Ծառուկյանը գումարներ է գանձում, իսկ հարկային մարմինները տեղյակ չեն». Տիգրան Հովհաննիսյան

17:30, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
«Կան հարյուրավոր տաղավարներ, որոնցից Ծառուկյանը գումարներ է գանձում, իսկ հարկային մարմինները տեղյակ չեն». Տիգրան Հովհաննիսյան

«Բացառված է, որ պարոն Ծառուկյանը տեղյակ չլինի, թե իր «Առինջ մոլի» ղեկավարներն ինչ շահեր ունեն, ինչ գումարներ են աշխատել ժամանակին և ինչից են զրկվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` վստահեցնելով որ «Առինջ մոլի» ձեռներեցները Ծառուկյանի շահերին պատանդ են դարձել:
     «Կան հարյուրավոր տաղավարներ, որոնցից գումարներ է գանձում Ծառուկյանը, իսկ հարկային մարմինները տեղյակ չեն: Նա չի ուզում հարկային մարմինները ներխուժեն «Առինջ մոլ», որպեսզի այդ ամենը չբացահայտվի»,- հավաստիացրել է Տ. Հովհաննիսյանը` հավելելով, որ սուտ է նաև այն տեղեկատվությունը, թե վաճառականները երեք տարի շարունակ անվճար են զբաղեցրել տաղավարները:
     Հարցին, թե հնարավո՞ր է, որ հարկային մարմինները տեղյակ չեն Ծառուկյանի գործերից, վերջինն ասել է, որ չի բացառվում և գուցե գիտեն, որ Ծառուկյանն ամսական մոտ 20 միլիոն գումար ցույց չի տալիս շրջանառության: «Ինձ էլ նման արտոնություններ տվեք` ապօրինի շրջանառություն և այլն, վաղը զորամաս կառուցեմ, եկեղեցիներ կառուցեմ: Ծառուկյանն իր ապօրինի գումարները թաքցնելով ո՞ւր ա գնում էս երկրում, չեմ հասկանում: Ինքը միշտ էլ նույն ա, չի փոխվում` միշտ պիտի խարդախություն անի, խժդժություն, խառնակչություն լինի»:
     «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահն ասել է, որ ահազանգը հնչեցնում է մոլի վաճառականների անունից: Նրա խոսքով` առևտրի կենտրոնում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ «կարգոների» փոխարեն ստեղծվեց նոր կազմակերպության՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ն, ինչը ենթադրում է հսկայական գումարների կորուստ «Առինջ մոլի» ղեկավարության համար:
     «Ահա թե ինչու է առևտրականներին ոտքի հանել Ծառուկյանը, քանի որ այսօր դաշտն օրինականացվել է, իսկ «Առինջ մոլի» ղեկավարությունը զրկվել է իր փողերից: Ժողովուրդն էլ ցույց է անում` գաղափար չունենալով, թե ինչու»:
     «Հիմա, որ դու էդ եկեղեցիները սարքում ես, Աստծո համար դու ի՞նչ ես անում: Եկեղեցու դռները չե՞ք տեսել` գինին, դուռումը, ծեծուջարդը, սովամահ ժողովուրդը, տենց եկեղեցի՞ են բացում: Կամ էդ զորամասը՝ հիմա դու Աստծո համա՞ր ես բացում, թե՞ քո համար»:
     Տիգրան Հովհաննիսյանը հարց է բարձրացնում` «Էդ խի՞ Փեթակը, Սուրմալուն, Մալաթիան մեռա՞ծ են: Մենակ «Առինջ մոլն» է ելել ոտքի...»:

6244 | 4
Facebook