Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե դուք պետք է ասեք, թե ոնց եմ ծառայել էս երկրին, ուրեմն կարամ փաստեր բերեմ` ամաչեք, որ չգիտեք ձեր պատմությունը». Սամվել Բաբայանը` դատարանին

13:25, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
«Եթե դուք պետք է ասեք, թե ոնց եմ ծառայել էս երկրին, ուրեմն կարամ փաստեր բերեմ` ամաչեք, որ չգիտեք ձեր պատմությունը». Սամվել Բաբայանը` դատարանին

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը: Այս պահին պաշտպանական ճառով հանդես է գալիս Սամվել Բաբայանը:

«Էդ գործի ընթացքում ոչ թե 1 Իգլա եմ բերել, այլ 2: Էքսպերտի թուղթ եմ բերել 2 անգամ 2 Իգլայի հետ, մեկը կորել է ընթացքում: Մենք ստորագրել ենք 2 փաստաթուղթ, որ ծանոթանանք, հետո մեկը գործից թռել ա, սա ուզում եմ շեշտեմ` իմանաք: Ես հենց սկզբից էլ չէի ուզում, որ քաղաքականացվի այս դատարանը, որովհետև ես ունեմ իմ իրավունքները, գիտեմ, որ հանցանք չեմ կատարել, ուստի քաղաքականացնելն իմաստ էլ չունի, բայց քանի որ պետական մեղադրողն, այնուամենայնիվ, իր զեկույցում այն օրն անցավ այդ էջը, ես պարտավոր եմ երկու բառով ներկայացնել»,- ասաց Ս. Բաբայան և շարունակեց:

«Առաջին` էն որ իմ մասնագիտության կամ իմ ինը տարվա ղեկավարության վրա ինչ-որ մարդ կասկածում է` փորձեմ բացատրել. 1992 թ օգոստոս ամսին ես դարձել եմ բանակի առաջին դեմքը։ Պատերազմի տարիներից, երբ իրենց էր մնացել 24,000 հա տարածք, 12 500 հա տարածքը վերադարձրել եմ ես։ Անմիջապես, իմ ղեկավարության օպերացիաների կառավարմամբ, 15 հատ ինքնաթիռ է խփվել,17 հատ ուղղաթիռ, որից 10-ը էդ Իգլաներով: Եթե դուք պետք է ինձ ասեք, թե ոնց եմ ծառայել էս երկրին, դուք պետք է գնահատականը տաք, ուրեմն... էն վախտ շատ փոքր էի երևի, տեղս չէիք իմանում: Բայց 2 ժամ խոսել քաղաքականությունից և բացատրել, թե ինչի համար են ինձ բռնել, այդ թեմային չեմ ուզում անդրադառնալ, փակենք էդ թեման...»,- դիմելով մեղադրողին ասաց ամբաստանյալը:

Դատարանն առարկեց, որ մեղադրողը դա չի ցանկացել ասել, խոսքն այլ բանի էր վերաբերում, իսկ Բաբայանը պնդեց, որ այդ խոսակցությանն իր պաշտպանը ներկա է եղել, դա փաստ է և չարժե ժխտել. «Խորհուրդ եմ տալիս` մի´ քաղաքականացրեք այս դատավարությունը, կարամ փաստեր բերեմ` ամաչեք, որ չգիտեք ձեր պատմությունը»:

Շարունակելով խոսքը` Սամվել Բաբայանը նշեց. «Իգլայի մասով որևէ բան կապելն ինձ հետ անիմաստ է, որովհետև որևիցե փաստ չկա: Ինչ վերաբերում է Սանասար Գաբրիելյանին ցուցում տալուն, թե գնա Ղարաբաղ` նկարի, ուղարկի, ես կվճարեմ, դա իր վերջին ցուցմունքն է և չի համապատասխանում իրականությանը։ Գործին ծանոթանալուց հետո, ես պահանջել եմ քննիչներին` առերեսման կանչել նրան, որովհետև դա սուտ է, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Ս. Բաբայանը։ Նրա խոսքով՝ Իգլան դա հրթիռի մասնիկ է և, եթե դրա վրա չկա արձակման մասը, ուրեմն այդ մասնիկը կոչվում է խողովակ, ուստի ինքը հանցանք չի կատարել»

Հիշեցնենք` Սամվել Բաբայանի և մյուսների գործով պաշտպաններն այսօր շարունակում են հանդես գալ ճառերով:

Հիշեցնենք նաև` Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման:
     Նշենք, որ դատախազը Սամվել Բաբայանի համար պահանջել է 7 տարվա ազատազրկում։

5396 | 0
Facebook