Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեկնարկել է ԱլԳ 5-րդ գագաթնաժողովը․ նախատեսվում է, որ կստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը (ուղիղ)

11:35, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Մեկնարկել է ԱլԳ 5-րդ գագաթնաժողովը․ նախատեսվում է, որ կստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը (ուղիղ)

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում մեկնարկելու է Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթնաժողովը։ Ինչպես նշված է Եվրոպայի խորհրդի կայքում՝ գագաթնաժողովի ընթացքում Եվրոմիության անդամ պետությունների ու Արևելյան գործընկեր վեց երկրների կամ նրանց կառավարությունների ղեկավարները կուղենշեն ապագա համագործակցությունը: Նրանք նաև ի մի կբերեն վերջին՝ 2015թ. Ռիգայի գագաթաժողովից հետո եղած ձեռքբերումները՝ կենտրոնանալով Արևելյան գործընկեր վեց երկրների քաղաքացիների համար ապահովված շոշափելի արդյունքների վրա:

Արևելյան գործընկերության նկատմամբ՝ առավել արդյունքների վրա հիմնված մոտեցմանն աջակցելու նպատակով ԵՄ-ն սահմանել է 20 առանցքային արդյունքներ 2020թ. համար, ընդ որում՝ հիմնական ուղենիշները պետք է հստակեցվեն Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի ընթացքում:

Այս նպատակներին հասնելու համար համագործակցությունը հիմնված է 2015թ. Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում համաձայնեցված չորս հիմնական գերակայությունների վրա, որոնք են՝ ավելի հզոր տնտեսություն, ավելի ուժեղ կառավարում, ավելի ուժեղ միակցվածություն, ավելի հզոր հասարակություն:

Նշենք, որ ԱլԳ գագաթնաժողովին մասնակցելու համար Բելգիա է մեկնել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրոմիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության իրավական շրջանակային նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր այս տարվա մարտին:

Նախաստորագրված համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո՝ փորձագիտական շրջանակների կողմից փաստաթուղթը բավականին լավ ընդունվեց: Ընդհանրական կարծիքը հետևյալն էր՝ թեև այն զիջում է Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ բավականին լուրջ բարեփոխումների սկիզբ է դնելու Հայաստանում, մնում է՝ ՀՀ իշխանությունները կամք դրսևորեն դրանք իրականացնելու համար:

Սակայն փորձագիտական, քաղաքական որոշ շրջանակներ անգամ համաձայնագրի նախաստորագրումից հետո տարակուսանքով են վերաբերում համաձայնագրի ստորագրմանը: Ավելի ուշ կասկածներ առաջացան համաձայնագրի ստորագրման հետաձգման հետ կապված:

Մտահոգություններն առաջացան դեռևս հոկտեմբերի սկզբին: Ըստ մեկնաբանությունների՝ հետաձգման պատճառները պետք է տեխնիկական լինեին: Նախ` ենթադրվում էր, որ համաձայնագրի տեքստը ոչ բոլոր ԵՄ երկրներն են ստորագրել իրենց լեզվով, հետո դրա հերքվելուց հետո առաջացան մտահոգություններ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրի տեքստում եղած ԼՂ հիմնախնդրին վերաբերող ձևակերպումների հետ կապված:

Այնուամենայնիվ, ՀՀ արտաքին գերատեսչությունից հավաստել են՝ աշխատում են, բանակցում, որ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրի տեքստում ԼՂ հիմնահարցը ներկայացվի հայկական դիրքորոշմանը չվնասող ձևակերպումներով: Պետք է հիշել նաև, որ Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն էլ վստահեցրել էր, որ, անկասկած, Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը ստորագրվելու է։ Նա հավելել էր, որ կարծում է՝ դա կարվի ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում:

Համաձայնագրի ստորագրման շուրջ հայկական լսարանում ինտրիգները չեն դադարում անգամ դրա նախօրեին: Մասնավորապես լրատվամիջոցներում հայտնված վերջին տեղեկությունների համաձայն՝ այսօր երեկոյան Հայաստանը կստորագրի շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ կարծիքով հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն տեղեկություններ կան, որ 8 երկիր դեռևս չի վավերացրել Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը:

Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Մեկնարկել է ԱլԳ 5-րդ գագաթնաժողովը․ նախատեսվում է, որ կստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը (ուղիղ)
Մեկնարկել է ԱլԳ 5-րդ գագաթնաժողովը․ նախատեսվում է, որ կստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը (ուղիղ)
3426 | 0
Facebook