«Ոմանք փորձում են «Զվեզդա»-ի հաղորդումը մեկնաբանել որպես լրագրողի տգիտության արդյունք:
Հիշեցնում եմ՝ Վերոնիկա Կրաշենիննիկովան Ռուսաստանի Դաշնության կառավարող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիայի» բարձրագույն մարմնի՝ Կուսակցության բարձրագույն խորհրդի, անդամ է:
Կա՞ մեկը, որ կարծում է, թե պոլիդբյուրոյի անդամը ինքնագլուխ է նման գնահատական տվել ՀՀԿ-ին»,- ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով «Прогнозы с Вероникой Крашенинниковой» հաղորդման ժամանակ հաղորդավարուհու հնչած մեղադրանքներին առ Հայաստան, ասել է քաղաքագետ Արա Պապյանը:
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 19-ի երեկոյան ռուսական դաշնային «Звезда» հեռուստաալիքի «Прогнозы с Вероникой Крашенинниковой» հաղորդման ժամանակ հաղորդավարը քննադատել է պաշտոնական Երևանին ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքելու ցանկության համար, Հայաստանի ճանապարհը համեմատելով ուկրաինականի հետ: Այնուհետև հաղորդավարուհին անդրադարձել է Գարեգին Նժդեհին, իսկ հետ Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի խորհրդանիշը համեմատել է Ադոլֆ Հիտլերի գլխավորած Ազգային սոցիալիստական աշխատանքային կուսակցության զինանշանի հետ: Նշենք, որ այս հեռուստաընկերությունը պատկանում է ՌԴ պաշտպանության նախարարությանը: