Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համաձայնության որոշումից շեղվածներին Հեղինե Բիշարյանը քաղաքական անբարոյականներ էր անվանել. ՀՀԿ-ն ու ՀՎԿ-ն հուշագիր են ստորագրել

22:20, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Համաձայնության որոշումից շեղվածներին Հեղինե Բիշարյանը քաղաքական անբարոյականներ էր անվանել. ՀՀԿ-ն ու ՀՎԿ-ն հուշագիր են ստորագրել

«Վանաձորում այսօր կատարվեց այն, ինչի մասին դեռ 1909 թվականին գրել էր մեծն Ավետիք Իսահակյանը. «Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին դարձնում է գողին` ազնիվ, բարեհույս, ապուշին` հանճար, վախկոտին` կտրիճ, տգեղին` չքնաղ և պոռնիկին` կույս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն՝ անդրադառնալով Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի (ՀՀԿ) և «Հայկական Վերածնունդ» կուսակցության կնքած համագործակցության հուշագրին՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունն ստանձնելու մասին»։ Ըստ հուշագրի՝ «Հայկական վերածնունդ»-ը կստանա քաղաքապետի տեղակալի պաշտոնը։
     Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի, ընդդիմադիր կոչվող «Հայկական Վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հայտարարել էին, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում սատարելու են «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին, և այդ դեպքում Մարուքյանը կստանար 18 ձայն:
     Սակայն ընտրությունների արդյունքներով, Մարուքյանի օգտին քվեարկել էին 14-ը: «Այն անձինք, ովքեր շեղվել են նախապես կայացված համաձայնությունից, քաղաքական անբարոյականներ են»: Այս մասին ընտրություններից հետո հայտարարել էր Հեղինե Բիշարյանը:
     Այսօրվա հուշագրից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ասել են. «Զարմացած չենք… Նաև բացահայտվեց, թե ովքեր մեկ տարի առաջ վաճառեցին վանաձորցիների ապագան»: Վերջինները նաև նշել են, որ դիմելու են կառավարություն, որպեսզի գործադիրն ի կատար ածի Սահմանադրական դատարանի որոշումն՝ անկախ այսօրվա հուշագրից (ավագանու անդամների սահմանված թիվն արդեն ապահովված է):
     Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 10-ին ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Վանաձորի ավագանու նիստերը:
     Հիշեցնենք՝ Վանաձորում կայացած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտել էին նիստերը, բայց Վանաձորի քաղաքապետը շարունակում էր նիստեր գումարել:
     «ՍԴ-ն ասաց՝ այն նորմով, որ մինչև հիմա նիստեր եք գումարել, իբր քվորում ապահովել, հակասահմանադրական է, հետևաբար բոլոր գումարված նիստերը, որ չեն ունեցել քվորում, հակասահմանադրական են, ու, ըստ էության, ավագանին պետք է լուծարվի»,- ՍԴ որոշումը պարզաբանել էր Էդմոն Մարուքյանը:
     Եվ վերջում, ինչպես մամուլն է գրում՝ «Արթուր Բաղդասարյանը կարող է հարյուր անգամ փոխել իր կուսակցության անունը, բայց դրանից չի փոխվում բովանդակությունը»:

9947 | 13
Facebook