Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շարունակվում է տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների դասադուլը. նրանք ԿԳՆ շենքի մոտ են

12:10, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Շարունակվում է տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների դասադուլը. նրանք ԿԳՆ շենքի մոտ են

ԵՊՀ ուսանողները շարունակում են երեկ մեկնարկած դասադուլ-ակցիան՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանփակման։ Նրանք շրջում են փողոցներով՝ կոչ անելով մյուս ուսանողներին՝ միանալ իրենց բողոքին։ Այս պահին նրանք շարժվում են դեպի ՀՀ կրթության և գիտության նախարարություն։
     Հիշեցնենք՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, որի անդամներն ուսանողներ են, բողոքում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինախագծի դեմ՝ նշելով, որ այն խոչընդոտելու է կրթության զարգացմանը։
     Երեկ ուսանողները պահանջում էին հանդիպում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Կրթության նախարար Լևոն Մկրտչյանի հետ։ Ավելի ուշ, ՊՆ-ն հանդիպման էր հրավիրել նախաձեռնության առաջնորդներից մի քանիսին, որը մերժվել էր վերջինների կողմից, քանի որ, հանդիպման այն ձևաչափը, որն առաջարկվում էր Պն-ն, չէր բխում ուսանողների շահերից։
     Նախաձեռնության պահանջը՝ հանդիպմանը ներկայանալ առնվազն 10 հոգով և լրատվամիջոցների հետ, նախարարությունը մերժել էր։
     Հիշեցնենք` ՀՀ ՊՆ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի մասին օրենքի» նախագծով պարտադիր զինծառայությունից տարկետում կտրվի միայն նպատակային ուսումնառության համար, այսինքն` եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ՝ մասնակցելով «Պատիվ ունեմ» ծրագրին։ Վիգեն Սարգսյանի հիմնավորումը, թե սա արվում է, որ ուսումնական տարկետումները չդառնան ծառայությունից առհասարակ ազատվելու միջոց, չի ընդունվում ուսանողների կողմից:
     «Հանուն գիտության զարգացման 2004» նախաձեռնող խմբի անդամներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Պաշտպանության նախարարության այս նախաձեռնությունը ոչ միայն չի լուծելու իշխանությունների բազմամյա ձախողումների, համակարգային ու արդարացի լուծումներ գտնելու անկարողության հետևանքով կուտակված խնդիրները, այլև խորացնելու ու բարդացնելու է դրանք, ստեղծելու է նոր կոռուպցիոն ռիսկեր առողջապահության և պաշտպանության ոլորտներում, ահագնացնելու է առանց այդ էլ սարսափելի ծավալների հասած արտագաղթը։
     Նշենք նաև, որ ձայների 89 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց նախագիծը:

տեսանյութը՝ «Առաջին լրատվականի»
3941 | 0
Facebook