Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առանց նպաստների, թոշակների ու աշխատավարձերի բարձրացման՝ նոր թանկացումների մեկնարկը տրված է

10:05, չորեքշաբթի, 03 հունվարի, 2018 թ.
Առանց նպաստների, թոշակների ու աշխատավարձերի բարձրացման՝ նոր թանկացումների մեկնարկը տրված է

«Հունվարից թանկացումներն անխուսափելի են. 2018-ին գնաճը կանխատեսվել է 4 տոկոս, որը վերջին տարիների համեմատ ամենաբարձր կանխատեսումն է... Սա ժողովրդի ընտրության արդյունքն է: Վայելե՛ք: Դուք լավ չե՛ք ապրելու»,- այս մասին 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ 2017-ի դեկտեմբերին հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Իսկ թանկացումների պատճառը՝ շուրջ 700 անուն ապրանքների մասով ԵԱՏՄ նոր մաքսատուրքի ուժի մեջ մտնելն է, երկրորդը՝ Հարկային նոր օրենսգիրքը:

Հարկային օրենսգրքով սահմանվել են ակցիզային հարկի նոր դրույքաչափերը, որի հետևանքով բարձրանալու են լայն սպառման ապրանքների գները: Բենզալցակայաններում և գազալցակայաններում հունվարյան թանկացումների մեկնարկն արդեն տրված է: Երեկ անդրադարձել էինք բենզինի գնի 20-30, գազի՝ 20 դրամով թանկացմանը:

«2018-ին սպասվում է օղու, ծխախոտի, հավի մսի, ձկան, շաքարավազի, բուսական յուղի, թեյի, սուրճի, դեղորայքի, ատամի մածուկի և այլ ապրանքների թանկացում: Կառավարությունն այս իրավիճակի նկատմամբ խորն արհամարհանք է ցուցաբերում: Ինչպես ընդունված է ասել՝ առ է համարում այս իրավիճակը»,- նշել էին «Ելք» խմբակցության պատգամավորները:

Տրանսպորտի սակագնի հետ կապված ՊԵԿ փոխնախագահ Վ. Միրումյանն ամիսներ առաջ վստահեցնում էր, որ սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափի ավելացումը չի հանգեցնի հասարակական տրանսպորտի սակագների թանկացման: Ընդդիմադիր պատգամավորներն ու տնտեսագետները, սակայն, համոզիչ հիմնավորումներ էին պահանջում ու հակադարձում պաշտոնյաներին՝ «եթե սեղմած գազի թանկացումից հետո տրանսպորտի գինը չթանկանա, ապա նոնսենս կլինի»:

Հիշեցնենք, որ, մինչև սեղմած գազի դրույքաչափի բարձրացման թեմայով քննարկումները, Երևանի քաղաքապետարանը վաղուց նախատեսել է տրանսպորտի ոլորտում բարեփոխումներ իրականացնել, որի արդյունքում, հնարավոր է, հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրման գինը դառնա 200 դրամ:

Հիշեցնենք նաև, որ այս տարի նախատեսված չէ ո՛չ թոշակների, ո՛չ նպաստների, ո՛չ աշխատավարձերի բարձրացում:

16083 | 6
Facebook