Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բոլորին մտահոգեց այդ հայտարարությունը, բայց գյուղնախարարությանը կարծես՝ ոչ». Բաբկեն Պիպոյանը՝ «Monsanto»-ի արտադրանքից հեռու մնալու՝ Թանկյանի կոչի մասին

18:05, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
«Բոլորին մտահոգեց այդ հայտարարությունը, բայց գյուղնախարարությանը կարծես՝ ոչ». Բաբկեն Պիպոյանը՝ «Monsanto»-ի արտադրանքից հեռու մնալու՝ Թանկյանի կոչի մասին
     Նոյեմբերի 1-ին Երևանում ազդարարվեց «Valmont» և «Monsanto» ընկերությունների գործունեության մասին, որի շրջանակներում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրյանը կարևորեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցելու ծրագիրը: «Valmont» և «Monsanto» ներկայացուցիչներ էին գործուղել, ովքեր այս համաժողովում ներկայացրեցին իրենց ընկերությունների ապրանքները:
     Շնորհանդեսից մեկ օր անց, սակայն, աշխարահռչակ ռոք երաժիշտ, ամերիկաբնակ Սերժ Թանկյանը Հայաստանին կոչ արեց հեռու մնալ ամերիկյան «Monsanto» ընկերությունից: «Կան ապացույցներ, որ այդ ընկերության թունաքիմիկատները թունավորել են շրջակա միջավայրը՝ նպաստելով մեղուների ոչնչացմանը: Նրանց գիշատիչ գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը մաքուր օրգանական մթերքի վերջն են նշանակում: Դրանք վտանգավոր են ու ահավոր հոտ ունեն: Իրենց գործունեության համար իրենք ԱՄՆ-ում և Եվրոպայում համարվում են որպես չարիքի ընկերություն: Պտուղներն անխուսափելիորեն գենետիկ մոդիֆիկացման կենթարկվեն: Երբ Հայաստան եմ գալիս, խնձոր եմ ուտում, այն մաքուր է, իրական, փխրուն: Այն հազարավոր տարիների գյուղատնտեսության ու մշակման արդյունք է: Խնդրում եմ, թողեք այդպես էլ մնա: «Monsanto» ընկերության «շնորհիվ» ես նման խնձոր ԱՄՆ-ում գտնել չեմ կարող»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր երաժիշտը:
     Ի պատասխան՝ հաղորդագրություն էր տարածել նաև գյուղատնտեսության նախարարությունը. «Ամերիկյան «Monsanto» ընկերության կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու մասին այսօր մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ լրատվամիջոցների հարցադրումներին ի պատասխան` հայտնում ենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվել էր համաժողով, որին դեսպանատան հրավերով մասնակցել են մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Monsanto» ընկերությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են ընկերության ապրանքները, բարձրացվել են մի շարք հարցեր: Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը շեշտադրել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը` նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով: Միաժամանակ ընդգծում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Monsanto» ընկերության հետ»:
     Թեմայի և Սերժ Թանկյանի գրառման շուրջ MAMUL.am լրատվական թղթակիցը խոսել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ. «Սերժ Թանկյանը գյուղատնտես չէ, բայց իր կողմից բարձրացված հարցերն ամբողջովին գյուղատնտեսական ոլորտից են: Ցավոք, ունենք իրավիճակ, երբ պատկան կառույցների կողմից մեկնաբանությունը ոչ թե գյուղատնտեսական ոլորտի է, այլ ոչ մասնագիտության հարթության մեջ: Մասնավորապես, որ «մենք չենք բանակցել», սա ավելի քան զավեշտալի է: Չենք գնում հրավերների մասնակցելու՝ ասելու համար ոչ, չի կարելի: Սերժ Թանկյանը երգիչ է, ինքը խնդիրը բարձրացրել է այդ հարթության մեջ, որը ոչ թե մասնագիտական վերլուծություն է, այլ մասնագիտական մեկնաբանություն պահանջող կարծիք: Ցավոք, գյուղնախարարությունն իր վրա դրված ֆունկցիան չկատարեց և դա է մեծագույն պրոբլեմը, չարիքը: Աշխատանքներն իրականացվում են մասնագիտական հարթությունից դուրս: Բոլորին մտահոգեց այդ հայտարարությունն, այդ թվում՝ ինձ, բայց պատկան կառույցին կարծես չմտահոգեց: Ավելին, առիթն օգտագործել և տեղեկատվական բացը փակել մասնագիտական կոմպետենտ վերլուծությամբ, չարվեց և չէր էլ կարող արվել, քանզի չկա այդ մասնագիտական կոմպետենտություն:
     Ինչ վերաբերվում է ԳՄՕ-ին, ապա թե գյուղնախարարության, թե սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից որևէ լուրջ մոնիտորինգային ծրագրեր չեն իրականացվում և զարմանալի էլ չէ, որովհետև այնտեղ չեն պատկերացնում՝ ինչ է ընտրանքը, չեն պատկերացնում՝ քանի նմուշ պետք է փորձարկել ճիշտ ընտրանք ունենալու համար և, բնականաբար, որևէ ճշգրիտ պատկեր դաշտում ունենալ չենք կարող»:
     Հարցին՝ ինքներդ ծանո՞թ եք «Monsanto» ընկերությանը և ինչ կարծիք ունեք, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց, որ որևէ ընկերության առանձին գործունեությանը չի ցանկանում անդրադառնալ, հատկապես, որ ԳՄՕ-ի մասնագետ չէ: «Մենք պետք է վերլուծենք՝ արդյոք պատշաճ ուսումնասիրությունների հիման վրա՞ են գործառույթներ իրականցվում, թե՞ ոչ, իսկ այս պահին արդեն իսկ պարզ է, որ պատշաճ վերլուծություններ չկան»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը:
4923 | 0
Facebook