Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ այնտեղ կաշխատի բենզալցակայան, խանութ կամ խաշանոց, կասեք` ամոʹթ քեզ». Թոխատյանը «Կանազ»-ում մանկական թատրոն կստեղծի

15:25, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
«Երբ այնտեղ կաշխատի բենզալցակայան, խանութ կամ խաշանոց, կասեք` ամոʹթ քեզ». Թոխատյանը «Կանազ»-ում մանկական թատրոն կստեղծի

«Կանազի մշակույթի տունը «Կանազ» գործարանի վաճառքից հետո մնացել էր անտեր` օդում կախված, ինչպես և իրենց սպորտ կոմպլեքսը: Մեր չինովնիկներից մեկի կողմից «Կանազը» հանձնվել էր իր ընկերներին: Հետո նրանք փորձեցին ինչ-որ բաներ անել, չստացվեց, կեսից շատը վաճառեցին, և այդ շենքը շարունակ մեկից մյուսին էր վաճառվում: Նույնն է, որ ես հիմա ռուսական թատրոնը վաճառեմ ձեզ` առանց դրա իրավունքի»,- անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած «Կանազ» մշակույթի տունը նվեր ստանալու մասին լուրերին` լրագրողների հետ զրույցում ասաց Հրանտ Թոխատյանը:
     «2007-ին այդ շենքը շատ պատահական Էկոնոմիկայի նախարարության կողմից գտնվել էր, և ներկայացումը նայելուց հետո առաջարկեցին՝ քանի որ մշակույթի օջախ է, այս մեկը գոնե չդառնա խանութ ու կործանվի, ասացին` գնացեʹք, բեմն օգտագործեք»,- պատմեց դերասանն ու հավելեց, որ միշտ մանկական թատրոն ստեղծելու երազանք է ունեցել:
     «Հիմա մենք ուզում ենք այդ շենքը խելքի բերել, այն ոչ մեկ ոչ ոքի չի նվիրել, դա պետականություն է: Ես դիմել եմ վարձակալությամբ, այն սարսափելի վիճակում է, մարդ պետք է բարբարոս լիներ, որպեսզի այդ շենքը հասներ այդպիսի վիճակի: Շենքը միայն արտաքինից է գեղեցիկ մնացել, ներսում ոչինչ չկա, ավերակներ են` բառիս բուն իմաստով»,- նշեց նա:
     Հրանտ Թոխատյանը զարմացած է, որ նման աղմուկ է բարձրացել շենքի շուրջ. «Ընկերներս այսօր պատրաստ են ներդրում ունենալ իմ երազանքն իրականություն դարձնելու գործում: Ես նրանց էլ եմ բացատրել, որ անհնար է մշակութային օջախի համար մեկ միլիոն կամ ավելի գումար ներդնել ու սպասել, որ դա եկամուտ կբերի: Անհնար է, ասել եմ, որ այդ փողը դուք մտցնում եք հողի մեջ»,- ասաց Թոխատյանը: «Բայց այդ գումարը ես կգտնեմ, շենքը խելքի կգա ու դպրոցը կլինի, կուզի՞ դա Փոստանջյանը, թե չի ուզի, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, իմ տարիքն ինձ թույլ է տալիս լինել մի քիչ ինքնավստահ, ու հասկանալ ինչ եմ ուզում և ինչպես եմ անելու: Իսկ երբ այնտեղ կաշխատի բենզալցակայան, խանութ կամ խաշանոց, կգաք կասեք` ամոթ քեզ»,- ամփոփեց դերասանը:

4597 | 6
Facebook