Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ելք»-ի պահանջով ԱԺ-ում քննարկվում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը

16:45, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
«Ելք»-ի պահանջով ԱԺ-ում քննարկվում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը

«Ելք»-ի պահանջով ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այս պահին քննվում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը` Արտաշես Գեղամյանի վարքը քննելու և Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար:

Քննարկման դրված հարցը հետևյալն էր. «ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ» Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար»:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշել է, որ հիմքում չի կցվել միջադեպի մանրամասները, չի նշվել նաև, թե, ըստ «Ելք»-ի անդամների, կոնկրետ որ արտահայտությունն է խախտել էթիկան:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը պատասխանել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքում նման պահանջ չկա, որպեսզի դեպքի նկարագրությունը շարադրվի նախագծում: «Նախադեպ չի եղել, թողել ենք, որ դեպքը հանձնաժողովը ներկայացնի` եղել է, թե ոչ»,- ասել է նա՝ առաջարկելով ստեղծել 10 հոգանոց հանձնաժողով:

Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա։ Գեղամյանն էլ հերքել էր՝ նշելով, որ եթե ինքը բռունցքներով հարձակվեր որևէ մեկի վրա, նրան հիվանդանոց կտանեին։
     Այնուհետև Գեղամյանն ընդունել էր, որ նման միջադեպ եղել է, որից հետո «Ելք» խմբակցությունը ԱԺ է ներկայացրել Էթիկայի ժամա­նակավոր հանձնաժողով ստեղ­ծելու նախագիծ:

2657 | 0
Facebook