Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» նախագիծ. ինչին են դեմ կամ կողմ հասարակական տարբեր խավերը

16:20, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» նախագիծ. ինչին են դեմ կամ կողմ հասարակական տարբեր խավերը

«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության» մասին օրենքի նախագիծը խիստ հակասական քննարկումների տեղիք է տվել: Տեսակետները բաժանվել են երկու բևեռների. ՀՀ արդարադատության աջակից մի շարք հասարակական կազմակերպություններ նշում են, որ սա, վերջապես, հնարավորություն է նվազեցնելու ընտանիքներում ընտանեկան բռնությունների թիվը: Հակառակ բևեռում գտնվող կազամակերպություններն էլ պնդում են, որ այս օրինագծով փորձում են խեղաթյուրել հայ ավանդապաշտ ընտանիքի մասին պատկերացումները. կառուցել ընտանեկան նոր` արատավոր հարաբերություններ, որոնք կխրախուսեն ընտանիքի անդամների` կանանց, անչափահասների նկատմամբ ոտնձգությունները, որ այս օրինագիծը նպատակ ունի երեխաներին խլել ծնողներից և ապաստարաններ հանձնել:

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը նշում է, որ այս օրենքի նախագիծը հասարակական պահանջ և անհրաժեշտություն չունի: Նրա խոսքով` 2014 թվականին զավակ-ծնող հարաբերություններում բռնությունները եղել են 1,3 %, 2015-16 թթ-ին` 1,4 % և տուժել են անչափահասներ` 0,3-0,5 %-ով: Կանանց նկատմամբ բռնությունն, այս տարիների ընթացքում, եղել է` 8,3 %, 9,5 % և 9 %: «Հիմա, եթե այս տոկոսներն արդարադատության նախարարության համար բավարար են նման օրենք մշակելու համար, դա իրենց գործն է: Այն բռնությունների թիվը, որ կա, ներառյալ ինքնասպանությունները, դրանց դեմ վաղուց պետք է պայքարեին, բայց ոչ թե այս օրենքով: Եթե որևէ մի ոլորտ է կարգավորվում, որպես նվազագույն շեմ 20 %-ն է հաշվի առնվում, սա ընդունված պրակտիկա է: Ես, պարզապես, չգիտեմ ինչ ասեմ, երբ նախարարությունը գտնում է, որ 10 % բռնությունն իսկապես մտահոգիչ է»,- հավելում է նա:

Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի որոշ դրույթներ շատերի մոտ թյուր կարծիքներ են ստեղծում: Օրինակ` Հոդված 4-ի «Օրենքի հիմնական հասկացությունները բաժնում» կա այսպիսի սահմանում` «Ապաստարան` ընտանեկան բռնության ենթարկվածների և (կամ) նրանց խնամքի տակ գտնվող անձանց տրամադրվող անվտանգ ժամանակավոր կացարան, որտեղ նրանց տրամադրվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ»:

Օրենքին դեմ արտահայտվող կազմակերպությունները հարց են բարձրացնում` ինչի՞ համար են ապաստարանները, արդյոք նպատակը ծնողից երեխային հեռացնե՞լն է և այլ խնամքի հանձնելը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ նախագիծը չի սահմանում ծնողական իրավունքներից զրկելու կամ այդ իրավունքը սահմանափակելու, կամ երեխաներին որդեգրելու որևէ կարգավորում: «Ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունն անհանգստացնող է»,- շեշտել էր նախարարը` հավելելով, որ օրենքի նախագիծը հանրային քննարկման է դրվելու:

Ի դեպ, նշենք, որ հոկտեմբերի 9-ին հանրային քննարկման դրվեց սույն նախագիծը, որի ժամանակ, տարօրինակորեն, օրենքի ընդունման դեմ հանդես եկողներին խոսելու իրավունք չտրվեց, թեև նախորդ օրը խոստացել էին, որ քննարկմանը երկու կողմերն էլ հավասարապես կարծիքներ էին հնչեցնելու: Այդ փաստը զայրացրել էր օրենքի դեմ ընդվզողներին, ինչն էլ իրարանցման պատճառ էր դարձել:

Ընդդիմախոսներին մտահոգում է հատկապես այն, որ փորձում են առանձնացնել հենց ընտանեկան բռնության տեսակը:

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը մտահոգվելու առիթ է դարձել նաև մի խումբ մտավորականների համար: Այս թեմայով վերջերս հրավիրած մամուլի ասուլիսում, նրանք կարծիք են հայտնել, որ դա «հայ ընտանիքի մոդելի խեղաթյուրման միջամտություն է դրսից». «Առանձին օրենք է գրվում, որ թե ինչ է նախատեսվում տանը ծեծի դեպք արձանագրելու դեպքում: Ինչո՞ւ են գրված օրենքի վրա հավելումներ անում, ունենք չէ՞ սահմանված օրենք, թե ծեծի դեպքում ինչ պատիժներ են նախատեսվում: Քիչ չի մտել են քո եկեղեցին, կեղտոտ ձեռքերով պղծել, հիմա էլ ուզում են խորան բարձրանան և քարոզն իրենք անեն»,- կարծիք է հայտնել «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Հավելենք, որ առաջիկայում օրենքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով:

5490 | 0
Facebook