Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շենավանի գյուղապետը մտածում է, որ ծնվել է իր հրացանով ամեն ինչ յուրացնելու, ուտելու ու նկարվելու համար». Լենա Նազարյան

16:20, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
«Շենավանի գյուղապետը մտածում է, որ ծնվել է իր հրացանով ամեն ինչ յուրացնելու, ուտելու ու նկարվելու համար». Լենա Նազարյան
     Երեկ մամուլում մեծ աղմուկ բարձրացրեցին համացանցում տարածված լուսանկարները, որոնցում տղամարդիկ ցուցադրում էին իրենց որսը՝ սպիտակագլուխ անգղերին: Սպանված թռչունները գրանցված են Կարմիր գրքում: Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է:
     Ավելի ուշ տեղեկություններ հրապարակվեցին, որ լուսանկարները սոցկայքի իր էջում տեղադրել էր Արագածոտնի մարզի Շենավանի ՀՀԿ-ական համայնքապետ Արթուր Մկրտչյանը: Դեպքի առթիվ վերջինը մեկնաբանել էր, որ ինքը որսի ժամանակ Թուրքիայի սահմանին այդ թռչուններին միշտ տեսել է: Այդ անգամ էլ նկատել են, որ անցորդները լուսանկարվում են, որոշել են իրենք էլ նկարվել՝ որպես հուշ: Համայնքի ղեկավարը նույնիսկ զարմացել էր, թե նախկինում արված լուսանկարներն ինչու են հիմա այսպիսի աղմուկ բարձրացրել:
     Թեմային անդրադարձել են ինչպես ֆեյսբուքյան օգտատերերն, այնպես էլ ԱԺ պատգամավորները: «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը գրել է. «Շենավան համայնքի որսագող գյուղապետը մտածում է, որ ծնվել է աշխարհում իր հրացանի հասանելիության շառավիղում գտնվող ամեն ինչ սպառելու, յուրացնելու, ուտելու, խրտվիլակ սարքելու ու նկարվելու համար: Օրենքի կատարման մասով հետամուտ կլինեմ, բայց ուզում եմ ասել, որ էս տեսակ մարդիկ ամեն ինչ սպառելու ռեժիմով են ապրում, որ մեռնելու պահին ամեն ինչ տեսած ու կուլ տված լինեն, չափի զգացողություն չունեն: Իրենք չեն զգում, որ կա այլ աշխարհի սահման, ուր մտնել չի կարելի»:
     Բլոգեր Տիգրան Քոչարյանը ևս գրառում է կատարել այս թեմայով. «Էտ անգղների պահով վաղեմության ժամկետ կա, թե չէ, բայց գյուղապետի այսօրվա ռազմահայրենասեր ու ավրորայոտ բացատրություններից հետո առաջարկում եմ նրան պարգևատրել ՀՀ Ազգային հերոս, ՀՀ ժողովրդական արտիստ և ՀՀ վաստակավոր ասմունքող կոչումներով: Նշանակել Արմավիրի մարզպետ և միաժամանակ ՀՀ բնապահպանության նախարար: Ափսոս՝ սպիտակ «Նիվա» ունի, թե չէ կարելի էր դրանով էլ պարգևատրել»:
     Լրագրող Էդիկ Բաղդասարյանն էլ, ուսումնասիրելով Արթուր Մկրտչյանի սոցկայքերը, գրել է. «Համացանցում ուսումնասիրելով համայնքապետի սոցիալական կայքէջերը` պարզվեց, որ Ա. Մկրտչյանը որսի սիրահար է: Նա «Одноклассниик»-ի իր էջում հրապարակել էր որսի նկարներ և լուսանկարվել իր զոհերի ֆոնին: Սակայն, երեկ ուշ երեկոյան Արթուր Մկրտչյանն արդեն հեռացրել էր լուսանկարները»:
     Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադառնալով թեմային ասել է, որ լուսանկարում պատկերված անձինք արդեն նույնականացվել են, և ոստիկանությունն աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ: Նյութերը նախապատրաստման փուլում են, կհարուցվի քրեական գործ:
7186 | 4
Facebook