Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահան Արծրունու համերգի չեղարկման առեղծվածը

16:00, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2017 թ.
Վահան Արծրունու համերգի չեղարկման առեղծվածը
     Երաժիշտ, կոմպոզիտոր Վահան Արծրունին` հայցելով տոմսերը գնած իր հանդիսատեսի ներողամտությունը, ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ սեպտեմբերին կայանալիք համերգը չեղարկվել է.
     «Մեր՝ տարիներով նախապատրաստած, փայփայած սեպտեմբերի 29-ի «Մաշտոց-Կոմիտաս» համերգը «Զվարթնոց»-ում հանված է՝ չի կայանա։
     Երկու օր առաջ ինձ զանգահարում է Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ից պատասխանատու անձ և մի տեսակ լարված հայտարարում, որ իրենց տարածքում եմ կազմակերպում համերգը: Ուղղորդում եմ նրան համերգի կազմակերպչի հասցեով։ Հաջորդ օրը կազմակերպչից տեղեկանում եմ, որ համերգը տեղի չի ունենալու։ Հետևություններ չեմ ուզում անել, էլ սիրտ չունեմ՝ ամենը պարզից պարզ է»,- գրել է երգիչը:
     Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն` անդրադառնալով «Զվարթնոց» պատմամշակութային հուշարձանի տարածքում Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգի կասեցմանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ ոչ նախարարությունը, ոչ էլ ՊՈԱԿ-ը տեղյակ չեն եղել որևէ համերգի կազմակերպման մասին:
     «Ոչ պայմանագիր ունենք, ոչ՝ պայմանավորվածություն: Ապահովել երեկոյան համերգ՝ նշանակում է ապահովել լուսավորություն, համապատասխան պայմաններ համերգի համար: Կազմակերպիչն ինքն է հանել համերգը, մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ: Կազմակերպիչը մեզ պարզաբանել է, որ պատճառը տոմսերի քիչ վաճառքն է և եղանակային պայմանները»,- ասել է Արմեն Ամիրյանը:
     «Եթե պայմանագիր չկա, ո՞նց կարող է տոմս վաճառվել, և եթե տոմս չի վաճառվել, ո՞նց կարող էր անձրև չգալ։ Ոչ կոռեկտ իրավիճակ, որը ոչինչ չի բացատրում։
     Ես ընդհանրապես էլ ոչինչ չեմ հասկանում և հրաժարվում եմ որևէ մեկնաբանությունից՝ դա բանականությունից ու իմ տրամաբանությունից արդեն դուրս է»,- ի պատասխան՝ արձագանքել է Վահան Արծրունին, ով «Ազատության» հետ զրույցում չի բացառել, որ այս պատմության առեղծվածն իր քաղաքական դիրքորոշման հետևանքն է:
Վահան Արծրունու համերգի չեղարկման առեղծվածը
Վահան Արծրունու համերգի չեղարկման առեղծվածը
4240 | 1
Facebook